ԵԱՀԿ ԽՎ նիստից առաջ նախկին պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, Արմեն Աշոտյանի ցուցաբերած աջակցությունից տեղյակ չեմ. Հայկ Կոնջորյան

17:13 • 10.07.19

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ ինքը տեղյակ չէ ԵԱՀԿ ԽՎ-ում Արմեն Աշոտյանի՝ իրենց պատվիրակությանը ցուցաբերած աջակցությունից։

«Ես անձամբ և մեր պատվիրակությունից որևէ մեկը Արմեն Աշոտյանի հետ որևէ բան չի խոսել: Ես գիտեմ, որ Ռուբեն Ռուբինյանի հետ խոսակցության ընթացքում, երբ Աշոտյանն ինքն է թեման բացել ԵԱՀԿ ԽՎ-ի, պարոն Ռուբինյանն ասել է, որ Ալեն Ֆարելը, ով հակահայկական ձևակերպումներով բանաձևի զեկուցողն է՝ մեր բոլոր առաջարկները մերժում է և չի հանդիպում՝ ինքը զանգել է, տիկին Նազարյանն է նրան գրել, բայց նա չէր հանդիպում մեզ հետ: Ասել է՝ ժամանակին եղել եք իշխանություն ու եթե կապեր ունեք... քանի որ ցանկություն է հայտնել, և ոչ թե խնդրել են իրեն, որը շատ լավ եմ գնահատում, եթե կարող է կազմակերպել, ուրախ կլինենք: Բայց հանդիպումը տեղի չի ունեցել»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում էին հանդիպել, որ հայկական կողմի գաղափարները ևս ներկայացնեն:

Նշենք, որ Աշոտյանը տեղեկացրել էր, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը, ինչի մասին իշխանությունները չեն խոսում:

Հետագայում եղել է հանդիպումը Ալեն Ֆարելի հետ այն բանից հետո, երբ նա իր նամակին պատասխանել է և պայմանավորվել են հանդիպել:

Հայկ Կոնջորյանը  նաև տեղեկացրեց, որ ինքը մինչ այդ շուրջ 10 օր փորձել է կապվել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ, ով կարող էր իրենց քաղաքական ինֆորմացիա տալ՝ զանգահարել է նրան, այլ խողովակներով է փորձել կապ հաստատել, բայց չի հաջողվել:

Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ինքը՝ որպես պատվիրակության ղեկավար, պատասխանատվություն է զգում՝ հաջորդ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը փոխանցել ամբողջ ինֆորմացիան, ինչն իրենք կհասցնեն ձեռք բերել:

«Երբ որ կլինի մի օր, երբ ես չեմ լինի այս պատվիրակության ղեկավարը, ես ուզում եմ հաջորդ պատվիրակության ղեկավարին տալ էլեկտրոնային կրիչ, որի վրա կլինեն այն մարդիկ, ովքեր մեր բարեկամներն են, այդ մարդկանց մասին տվյալներ, թե ով որ թվին մեզ ոնց է քվեարկել, ով է դեմ, ով՝ կողմ, ովքեր մեզ չեն սիրում ընդհանրապես, ովքեր են սիրում ադրբեջանցիներին, ում հետ աշխատելու տեղ կա, ովքեր են եղել ՀՀ-ում, ովքեր չեն եղել, հեռախոսահամարներ, մեյլեր: Ես իմ գործընկների հետ նպատակ ունեմ ստեղծել տվյալների բազա, կապ չունի՝ ով է նա լինելու. այդ մարդուն կփոխացեմ ամբողջ ինֆորմացիան, որ նրանք չսկսեն այն կետից, որ կետից, որ մենք ենք սկսել»,-ասաց նա:

Պատվիրակության ղեկավարը նշեց, որ ինքը իր մասով կարող է ասել, որ իրենք առաջին անգամ մեկնել են ԵԱՀԿ ԽՎ նիստերին, որևէ պատգամավոր չի եղել այդ 350-ից, որ իրենց մոտենա: «Որևէ մեկը չի եկել, ասել՝ «բարև ձեզ, ես այսինչ մարդն եմ, ինձ հետ աշխատել են տարիներ շարունակ և ես եկել եմ ձեզ ասեմ, որ այս մարդկանց հետ աշխատել եմ ժամանակին և ձեզ հետ էլ կուզանայի աշխատել»: Դա շատ կուզենայի: Որևէ մեկին չեմ ուզում մեղադրել, բայց, համենայնդեպս, կարծում եմ մենք պետք է շարունակենք աշխատել, որ հաջորդ պատվիրակություններն իրենց թիկունքին ուժեղ զգան»,-եզրափակեց նա: