ԱԺ-ն «ՄԻԵԴ-ում ներկայացուցչի մասին» օրենքն ընդունեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր ապօրինի անտառհատումների պատժաչափերի խստացմանը, ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ առաջարկվում է քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացնել ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծել են նոր կարգավորումներ։
Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները։ Բացի այդ, նույն արարքը մեկ տարվա ընթացում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումներ են սահմանվել։
Առանձին խումբ կարգավորումները վերաբերում են ծանրացուցիչ հանգամանքներին։
Հիշեցնենք, որ նաև փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված տուգանքի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամի։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվեց 103 կողմ քվեարկությամբ։
Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ։
Նշենք, որ նախագծով առաջարկում են վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։










