Տուսկի հետ հանդիպմանն անդրադարձել ենք Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսությանը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո կառավարությունում հանդես եկան հայտարարություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշեց. «Անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպել նրա հետ, տպավորիչ են եղել շփումները՝ անցնելով կառուցողական և բարեկամական երկխոսության մթնոլորտում: Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում՝ անդրադարձանք ՀՀ և ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային՝ այսպես կոչված «սեկտորալ» համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:
Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում ես խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու մեր ներկայիս ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների՝ այդ թվում ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար: Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:
Երկուստեք նշվեց Հայաստան ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը: Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները Եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից հաստատվել է հունիսի մեկին՝ պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ մեկ տարի անց: Հունիսի 13-ին պայմանագիրը արժանացավ նաև Հայաստան- ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը:
Մենք անդրադարձանք նաև Հայաստան Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում: Ես դիմեցի նախագահ Տուսկին ԵՄ անդամ երկրներին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով:
Անդրադարձ եղավ նաև արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը: Խոսել ենք տարածաշրջանային խնդիրների մասին, երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցույց տալու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն աներկբայորեն պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի՝ ԵՄ այս կեցվածքի շարունակականություն հարցում»:










