«Սպանի՛ր այդ շանը, նա ապրելու իրավունք չունի». Սաուդյան Արաբիայի արքայադստերը մեղադրում են բանվորի նկատմամբ բռնության համար

14:03 • 10.07.19

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի քրոջը՝ արքայադուստր Հասսային, մեղադրում են բանվորի նկատմամբ բռնության համար: Բռնության ենթարկված տղամարդը արքայադստեր փարիզյան բնակարանում վերանորոգում է կատարել։ Հայտնի է, որ եգիպտացի բանվորը նրա բնակարանը վերանորոգել է 2016 թվականին: Այս մասին գրում է The Guardian-ը։

Տղամարդն արքայադստերը մեղադրել է այն բանի համար, որ վերջիս հանձնարարել է իր թիկնապահին ծեծի ենթարկել իրեն: Տղամարդու ներկայացուցիչը նաև հայտնել է, որ արքայադուստրը նվաստացրել է աշխատողին՝ նրան ստիպելով ծնկի գալ և համբուրել ոտքը:

Մինչդեռ արքայադուստր Հասսան հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում է, որ աշխատողը փորձել է առանց իր թույլտվությունը ստանալու լուսանկարել բնակարանը: Նա հավատացած է, որ նկարը վաճառելու նպատակով է նա դա արել: Նրա ֆրանսիացի պաշտպանը նշել է, որ արքայադստերը, առանց նրա թույլտվության, չի կարելի լուսանկարել:

Տղամարդու խոսքով՝ երբ իրեն ծեծի են ենթարկել, արքայադուստրը ձայնել է. «Հիմա կհասկանաս, թե ինչպես է պետք խոսել արքայադստեր հետ, ինչպես է պետք խոսել թագավորական ընտանիքի հետ»: Նա նույնիսկ բղավել է. «Սպանի՛ր այդ շանը, նա ապրելու իրավունք չունի»: