Քոչարյանի՝ ձերբակալված 6 կողմնակիցներն ազատ արձակվեցին. տեսանյութեր

12:45 • 10.07.19

16:29

Քիչ անց մյուս 4 ձերբակալվածները ևս ազատ արձակվեցին: Հավաքվածները նրանց դիմավորեցին ծափողջույններով:

16:28

Բերման ենթարկված ցուցարարներից երկուսն արդեն ազատ են արձակվել: Ազատ արձակվածներից Նարեկ Մանթաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապօրինի է ձերբակալվել:

«Վարչական իրավախախտում ներկայացրեցին: Չենք ընդունում: Նախապես չէինք տեղեկացվել, թե ինչի համար ոստիկանները թույլ չեն տալիս մեզ Թումանյան փողոցը հատել դեպի Օպերա, որովհետև մնացած քաղաքացիների պես մենք էլ ենք քաղաքացիներ»,- ասաց նա:

Մանթաշյանը նշեց, որ ոստիկաններն իրենց նորմալ են պահել իր հանդեպ, ուժ չի կիրառվել բերման ենթարկելուց: «Ես այն անձը չեմ, ում նկատմամբ հնարավոր է ուժ կիրառել»,- ասաց նա և հավելեց, որ ոստիկանության գործողություններից բողոք չունի:

Նա նշեց, որ մյուս բերման ենթարկվածներից տեղեկություն չունի, բայց նրանք էլ ազատ կարձակվեն:

15:51

Այս պահին ոստիկանության կենտրոնականի բաժնում է գտնվում հավաքի 6 մասնակից, նրանց վերագրվում է վարչական իրավախախտման կատարում՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Այս մասին Կենտրոնի ոստիկանության մոտ Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Մեզ համար մտահոգիչ է, որ բուն պահանջ չի հնչեցվել հավաքի մասնակիցներին: Բացի այդ, ձերբակալվածների մի մասը չեն եղել հավաքի մասնակից, ուղղակի ցանկացել են անցնել փողոցը: Թեև անհրաժեշտ գործողությունները կատարված են, սակայն ազատ չեն արձակվում ձերբակալվածները, կարծում եմ՝ երեք ժամը լրանալուց հետո ազատ կարձակվեն»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ բացատրություն են տվել ձերբակալվածները, Կոչուբաևն ասաց, որ ընդամենը խաղաղ հավաք է եղել, բացատրություն կոչվածն այն է, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի համար են ձերբակալվել:

Նա նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնի բաժին տարված 6 անձանց թվում Քոչարյանի աջակիցներից բացի, այլ քաղաքացի չկա:

15:24

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին շարունակում են գտնվել Կենտրոնի ոստիկանության մոտ: Այս պահին բախում չկա: Ոստիկանները շղթա են կազմել, որպեսզի ցուցարարները  չանցնեն ոստիկանության կենտրոնականի բաժնի բակի կողմը:

14:11

Հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակիցներից վեց քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Վեց քաղաքացի բերվել է ոստիկանություն Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը»,-ասաց Ջանոյանը:



13:50

Ցուցարարներն այս պահին Հյուսիսային պողոտայից շարժվում են դեպի Կենտրոնի ոստիկանության բաժին` ի պաշտպանություն բերման ենթարկված ցուցարարների: Նրանք նշեցին, որ բերման ենթարկվածների կոնկրետ թիվ չգիտեն, բայց նրանք առնվազն 4-5 հոգի են:

13:42

Ակցիային մասնակցող դերասանուհի Անահիտ Մութաֆյանի ինքնազգացողությունը վատացել է: Ավելի վաղ քաշքշուկ էր տեղի ունեցել նրա և ոստիկանների միջև:

13:41

Թումանյան փողոցից ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան: Նրանք Թումանյան փողոցից այս պահին հասան Հյուսիսային պողոտա:

13:40

Ցուցարարները հայտարարեցին, որ ոստիկանությունը ֆիզիկական բռնություն է կիրառել կանանց նկատմամբ:

13:34

Շարունակվում է քաշքշուկը ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին:

Երբ ակցիայի մասնակցիները հետաքրքրվեցին ոստիկաններից, թե ինչու են բերման ենթարկում իրենց ընկերներին, ոստիկանները պատասխանեցին՝ պարզաբանումներ ստանալու համար: Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ցուցարարներն ու ոստիկանները քաշքշում են միմյանց:




13։31

Թումանյան փողոցում լարված իրավիճակ է. քաշքշուկ է սկսվել ոստիկանների և  Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև։

13:29

Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև բախում է եղել, կան բերման ենթարկվածներ, մեքենա էր այրվում: Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ոստիկանների միջև բախում սկսվեց Հյուսիսային պողոտայում, կան բերման ենթարկվածներ: Քաղաքացիներից մեկը հարվածել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին, և նրան բերման են ենթարկել: Ակցիայի ժամանակ մեքենա այրվեց, սակայն ոստիկաններին և քաղաքացներին հաջողված մարել կրակը: Այս պահին ոստիկանական ուժեր են կուտակված Հյուսիսային պողոտայում: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի տեսնեն ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին և հարցեր ուղղեն արցախյան հակամարտության վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները վանկարկում են՝ ամոթ, ամոթ:

13։22

ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցներն այս պահին բողոքի ակցիան շարունակում են Հյուսիսային պողոտայի սկզբնամասում։ 


12:45

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիան են իրականացնում։

Ակցիան սկսվեց Ազատության հրապարակից, որտեղից ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը, որպեսզի իրենց բողոքը ներկայացնեն Դոնալդ Տուսկին, սակայն ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ շենքին։