Մերկելը ցնցման հերթական նոպայից հետո հայտարարել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է

22:35 • 10.07.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական միջոցառման ժամանակ ցնցումից հետո հայտարարել է, որ իրեն լավ է զգում, գրում է Reuters գործակալությունը:

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, չարժե իմ մասին անհանգստանալ: Արդեն ասել եմ, որ աշխատում եմ այդ ուղղությամբ, գործընթացը դեռևս ավարտված չէ, բայց առաջխաղացում կա, ես որոշ ժամանակ պետք է հանդուրժեմ սա: Կարծում եմ, որ դա կանցնի այնպես, ինչպես սկսվեց, և ես լիովին ունակ եմ իմ պարտականություններն իրականացնելու»,- ասել է կանցլերը, սակայն իր առողջական վիճակի մասին հստակ մանրամասներ չի հաղորդել:

Ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել էր: Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն Մերկելի երրորդ նոպան է հանրության առաջ: Առաջին անգամ նա ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ:

Իրավիճակը կրկնվել է հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: Բժիշկները ենթադրում են, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները: