Մեծ գործ է կատարվել ԵԱՀԿ ԽՎ-ում և կասեցվել ՀՀ-ի նկատմամբ քաղաքական դիվերսիան. ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունն ամփոփեց նստաշրջանի աշխատանքները
Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներն այսօր հրավիրված ասուլիսին ամփոփեց պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ այն իրենց պատվիրակության առաջին տարեկան նստաշրջանն էր, որը չափազանց կարևոր էր և իրենց հաջողվել է կանխել նաև բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը։
Նա նշեց, որ մայիս ամսից արդեն ստացել էին նստաշրջանի զեկույցները և քաղաքական կոմիտեի զեկույցում հայտնաբերել որոշ կետեր, որոնք մտահոգիչ էին և պարունակում էին հակահայկական կոմպոնենտներ։
Նա պարզաբանեց, թե ինչպես են տեղ գտել հակահայկական ձևակերպումները։ Կոնջորյանի խոսքով՝ իրենք չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ-ի զեկույցի կազմման աշխատանքներին, քանի որ մինչ այս որևէ պաշտոն ՀՀ-ն չի ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում, ուստի չեն կարող մասնակցել բյուրոյի նիստերին։ Մինչդեռ Ադրբեջանն ունի նախագահի տեղակալ, ով մշտապես մասնակցում է բյուրոյի նիստերին, և իրենք՝ որպես պատվիրակություն, գնացել են և սկսել են նման ստարտային պայմաններից։
Հայկ Կոնջորյանը նշեց, որ, մասնավորապես, բանաձևում կար ձևակերպում՝ «Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ» և պատվիրակության ակտիվ ջանքերով կարողացել են այնպես անել, որ 10-րդ կետի այդ ձևակերպումը դուրս է եկել ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևից։
Կոնջորյանն ասաց, որ բոլոր լծակներն օգտագործել են՝ ԱԳՆ, դեսպանատներ, Սփյուռքում հայ համայնքի ներկայացուցիչներ, նաև ԱԺ պատգամավորներից են մասնակցություն ունեցել, ԱԺ աշխատակազմից, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է մասնակցել չեզոքացնելուն ուղղված ջանքերին։
Ձևակերպումները կասեցնելուց զատ, պատգամավորը նշեց, որ ֆրանսիացի պատգամավորի կողմից մեկ այլ փոփոխություն է ներկայացվել, որտեղ հստակ շեշտվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում, որը ադրբեջանական պատվիրակությունը թերագնահատում էր՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման:
Հայկական պատվիրակության ղեկավարը նաև աննախադեպ համարեց Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունված բանաձևը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և կոչ է անում մյուս անդամներին հետևել ճանաչած երկրների օրինակին։
Հայկ Կոնջորյանը նաև նշեց, որ ԼՂ հակամարտություն անունը ադրբեջանական կողմը փորձում էր աղավաղել, այն ներկայացնելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ, և իրենք դա ևս թույլ չեն տվել՝ ներկայացնելով, որ կոնֆլիկտի անունը ԼՂ հակամարտություն է։
Պատվիրակության անդամ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ մեծ գործ է կատարվել, և իրենք հիմնականում իրենց դիրքորոշումը հիմնավորել են երեք ուղերձներով։ «Մենք երեք ուղերձներով էինք հղում անում ԵԱՀԿ պատվիրակներին, որպեսզի կասեցնենք քաղաքական դիվերսիան ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ առաջինը նշում էին, որ բանաձևում տեղ չեն գտել հելսինկյան կարևոր երեք սկզբունքները, որոնք անցյալ տարի տեղ են գտել, երկրորդ ուղերձն այն է եղել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն և պատվիրակները կարող են իրենց քվեարկությամբ հակասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ստացվելու էր, որ երկու ինստիտուտները միմյանց հակասում են և լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել և երրորն այն էր, որ ունեն վատ նախադեպ, երբ 2016-ին ընդունված բանաձևից հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում գործեց Արցախի վրա։
«Այս երեք ուղերձներով մարդկանց հետ աշխատելով, ելույթներով հասնել ենք նրան, որ պատվիրակները կողմ քվեարկեցին խաղաղ բանակցություններին և Մինսկի համանախագահների ջանքերին, ոչ թե այն բանին, որ կարող էր ագրեսիայի հանգեցնել»,-ասաց նա։
Պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը նշեց, որ ապագային նայելով՝ պետք է էլ ավելի պրոակտիվ դառնան։ «Արդեն իսկ ծրագրել էինք, որ լայն օրակարգով ենք ներկայացված լինելու և իրավիճակը ստիպեց, որ նախատեսվածից ավելի շատ ջանքեր ներդնել ձևակերպումները չեզոքացնելու և ցեղասպանության ձևակերպումը պահելու և հռչակագրում ամրագրելու համար։ Միջանցքներում մեզ մոտեցել են բազմաթիվ ԵԱՀԿ ԽՄ պատգամավորներ, ղեկավարներ, շնորհավորել մեր աշխատանքի համար, նաև զարմանք հայտնել մեր կազմակերպվածության հետ կապված»,-ասաց նա։
ԼՂ մասով, ըստ պատգամավորի, ամենադժվար հանգամանքն այն էր, որ խնդիր էր դրված ցույց տալու այս պատվիրակության ներկայացուցիչներին, որոնց մի մասն ամենևին էլ ծանոթ չեն, թե ինչով է ԼՂՀ-ն տարբերվում մյուս կոնֆլիկտներից, որովհետև Վրաստան, Ուկրաինա, ՌԴ կոնֆլիկտների հետ նույն ձևակերպման մեջ են հանդես բերում։










