«Անձամբ ինձ համար պարոն Գաբունիան դադարել է լրագրող լինել». Պոզները մեկնաբանել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի պահվածքը
Հրեական և ֆրանսիական արմատներով հայտնի լրագրող, գրող և հաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի հետ կապված սկանդալը, երբ վերջինս եթերում հայհոյանքներ էր տեղացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
«Ցանկացած երկրում, ամեն դեպքում՝ ինձ հայտնի, լրագրողը, որն իրեն թույլ է տվել այն, ինչ թույլ տվեց իրեն պարոն Գեորգի Գաբունիան, կազատվեր աշխատանքից և դժվար թե գտներ աշխատանք այս մասնագիտության գծով»,- գրել է Պոզներն իր կայքում:
Նրա խոսքով՝ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, սակայն ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մյուսին և և օգտագործելու անպատշաճ արտահայտություններ, դա հատկապես վերաբերում է լրագրողներին:
«Անձամբ ինձ համար պարոն Գաբունիան դադարել է լրագրող լինել՝ ոչ թե հակառուսական դիրքորոշման պատճառով, ինչի իրավունքն ունի, այլև լրագրության սկզբունքների խախտման համար»,- ասել է Պոզները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:










