2020 թ. Երևանի Տերյան 5 հասցեում կբացվի ճարտարապետական նոր լուծումներով աչքի ընկնող Courtyard by Marriott համալիրը

17:39 • 11.07.19

Marriott International և «Գալաքսի» ընկերությունների խմբի միջև ստորագրված կառավարման համաձայնագրով` 2020 թ. Երևանի Տերյան 5 հասցեում վեր կխոյանա Courtyard by Marriott համալիրը: Վերջինս «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծն է, որն իրականացվում է Marriott International ընկերության հետ համատեղ:

«Այսօր մեզ համար շատ պատմական օր է: Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, ես առաջին անգամ 1999 թ. եմ եկել Հայաստան: Հուսով եմ, որ կգամ նաև 2020 թ.՝ Courtyard by Marriott համալիրի բացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Marriott International ընկերության գլխավոր գործառնական ղեկավար Ռայներ Զահաուն:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանն էլ նշեց, որ նախագծի շրջանակում համագործակցում են 10-ից ավելի միջազգային ընկերությունների հետ.

«Շատ բարդ խնդիր էր, սակայն մեր թիմը կարողացավ բոլորին համախմբել մեկ նպատակի շուրջ: Իսկ այդ նպատակն է նոր որակ ու նոր խոսք բերել հյուրանոցային և բնակարանաշինության ոլորտ»,– ասաց նա:

Արտյոմ Խաչատրյանի խոսքով՝ համալիրում կմիավորվեն հյուրանոցային և բնակելի հատվածները: Նախագծի հեղինակներն ասում են՝ ցանկանում են նոր խոսք ու նոր որակ բերել հյուրանոցային ու բնակարանաշինության ոլորտ:

«Մեր առջև նպատակ էինք դրել, որ այս նախագիծը պետք է այլ նախագծերի նկատմամբ ունենա ամենաքիչը 10 առավելություն: Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք այդ առավելությունները: Օրինակ՝ Հայաստանում շատ բարդ է կառուցել 4 հարկանի ավտոկայանատեղի, իսկ մենք ունենք 113 ավտոմեքենայի համար ավտոկայանատեղի, մինչդեռ բնակարանների թիվը 75-ն է: Մենք ունենք մաքուր օդ բնակարաններում, ունենք մի շարք այլ առավելություններ»,– մանրամասնեց Արտյոմ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Լորիկյանն էլ նշեց, որ ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են բնակելի շենքերը դարձնել մաքսիմալ բազմաֆունկցիոնալ.

«Դա նշանակում է, որ բնակելի տարածքները չպետք է լինեն լոկ շենք, որտեղ մարդիկ բնակվում են, բնակելի շենքերը պետք է բազմաֆունկցիոնալ լինեն, որ մարդիկ կարողանան իրենց առօրյա կարիքները հոգալ շենքի ներսում: Այդպիսին է հենց Տերյան 5 հասցեում կառուցվող շենքը: Այստեղ բնակիչը կարող է, օրինակ, իր վարսահարդարին հրավիրել շենք, ռեզերվ անել վարսահարդարման սրահը և, շենքից դուրս չգալով, ստանալ այդ ծառայությունները, նույնը վերաբերում է նաև մերսման ծառայությանը, մարզասրահին և այլն»:

Լրագրողների հետ զրույցում «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը նշեց, որ շենքը կառուցվելու է ժամանակակից ճարտարապետության ոճով. «Շենքը լինելու է հետաքրքիր լուծումներով: Շատ կարևոր էր գտնել ճիշտ լուծումներ, քանի որ շենքը բարձրահարկ է և գտնվում է քաղաքի կենտրոնում: Փորձել ենք այնպես անել, որ շենքը համահունչ լինի քաղաքին»:

Նախագծի իրականացման արդյունքում կստեղծվի ընդհանուր 120 աշխատատեղ: