Մարսելի մոտակայքում գտնվող արդյունաբերական գոտում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (թարմացված)
04.31
Հրշեջներին թեև դժվարությամբ, բայց հաջողվել է մարել Մարսելի մոտակայքում գտնվող «Վիտրոլ» արդյունաբերական գոտում բռնկված խոշոր հրդեհը: ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղի հրշեջ ծառայությունից նշել են, որ կրակի դեմ պայքարը բարդ է եղել, քանի որ այն միաժամանակ բռնկվել է 6 տարբեր վայրերում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոտերը, թփերը և ծառերը կարող են այրված լինել գնացքի արգելակումից առաջացած կայծի հետևանքով: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը՝ թույլ չտալով, որ այն տարածվի արդյունաբերական գոտու և մոտակա բնակելի տների ուղղությամբ:
Հրշեջների արագ աշխատանքի շնորհիվ նշված կառույցներին կրակը վնաս չի հասցրել:
01.20
Ֆրանսիայի Մարսել քաղաքի մոտակայքում գտնվող «Վիտրոլ» արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է France Presse-ը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում աշխատում է մոտ հարյուր հրշեջ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են չորս ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ:
Հրդեհի պատճառով դադարեցվել է արդյունաբերական գոտուն հարակից A7 մայրուղու երթևեկությունը: Գնացքների երթևեկը նույնպես դադարեցվել է:
Նշվում է, որ հրդեհը, նախնական տվյալներով, առաջացել է կեսօրին երկաթուղու տարածքում և միանգամից մի քանի այլ վայրում: Ներկայում, ըստ հրշեջների, հրդեհը «սպառնում է արդյունաբերական օբյեկտներին»:
Մարսելից քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Վիտրոլ» արդյունաբերական գոտին համարվում է տարածաշրջանի ամենախոշոր արդյունաբերական կենտրոնը:










