Ճապոնիայի զբոսայգիներից մեկում զբոսաշրջիկների դեն նետած պոլիէթիլենային տոպրակներն ուտելու հետևանքով 9 եղջերու է սատկել
Ճապոնիայի Նարա քաղաքի զբոսայգում պոլիէթիլենային տոպրակներ ուտելու հետևանքով 9 եղջերու է սատկել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վայրի բնության պաշտպանության խմբին հղումով:
Նարա քաղաքի եղջերուների պաշտպանության հիմնադրամը մանրամասնել է, որ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում սատկած կենդանիների ստամոքսում հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներ և սննդի փաթեթներ:
«Ինը եղջերուներից մեկում հայտնաբերված աղբի քանակությունը 4,3 կգ է եղել»,- հայտնել է հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ապշահար էինք, դա մեծ քանակություն է»,- հավելել է նա:
Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքի գեղատեսիլ զբոսայգում բնակվում է ավելի քան 1000 եղնիկ, որոնց կարելի է հանդիպել նույնիսկ փողոցներում շրջող զբոսաշրջիկների կողքին՝ նրանցից համեղ կրեկերներ հայցելիս:
Զբոսաշրջիկներին արգելված է կենդանիներին կերակրել ցանկացած սննդով, բացի կրեկերներից, սակայն, ինչպես նշում է հիմնադրամի ներկայացուցիչը, որոշ այցելուներ կենդանիներին այլ տեսակի սնունդ են առաջարկում:
«Եղջերուները հավանաբար պոլիէթիլենային տոպրակները շփոթում են ուտելիքների հետ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ կենդանիները սովորաբար խոտով և կաղինով են սնվում:
Հիմնադրամի համաձայն՝ նման դեպքերը կարող են հաճախակի դառնալ, քանի որ մեծացել է զբոսաշրջիկների թիվը, ուստի կոչ են անում պոլիէթիլենային տոպրակներն ու փաթեթները չնետել կենդանիների մոտ:










