Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել

10:01 • 12.07.19

Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել: Այս մասին է վկայում միջազգային նավագնացության զարգացման ինդեքսի նորացված տարբերակը, որը կազմվում է «Սինհուա» գործակալության և Բալթյան բորսայի կողմից, գրում է tass.ru-ն:

«Սինգապուրը վստահորեն ցուցադրում է նավագնացության կառավարման հնարավորությունները, ինչպես նաև պահպանում է բրոքերային ծառայությունների մատուցման բարձր մակարդակը»,- նշված է վարկանշային ցուցակում, որտեղ տեղ են գտել աշխարհի 42 նավահանգստային մեգապոլիսներ:

Բալթյան բորսայի ասիական մասնաճյուղի ղեկավար Լու Սու Լինն ընդգծել է «միջազգային ասպարեզում Սինգապուրի նավահանգստի ռազմավարական կարևորության մասին»:

«Այս ոլորտը մնում է պետության տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, ուստի կառավարությանն անհրաժեշտ է պահպանել ծովային արդյունաբերության զարգացման գործում ներդրումները»,- նշել է նա:

Ամենամյա վարկանշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Հոնկոնգը, որը վարկանշային ցուցակը կազմողների համաձայն՝ զարգանում է Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության և «Մեծ ծոց» տարածաշրջանային նախագծի շնորհիվ:

Երրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնը, որը բարձր է գնահատվում առաջնակարգ բրոքերային, ֆինանսական ծառայությունների շնորհիվ: Լոնդոնին հաջորդում են Շանհայը և Դուբայը: