Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է գլխուղեղի մեկ կիսագնդով առողջ մարդ

03:48 • 12.07.19

Մերձմոսկովյան շրջանում բժիշկների օգնությանն է դիմել մի տղամարդ` շարժունակության հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով: Հետազոտությունները պարզել են, որ նրա մոտ բացակայում է գլխուղեղի ձախ կիսագունդը: Բժիշկների զարմանքն ավելացել է, երբ պարզվել է, որ տղամարդը ավելի քան 60 տարի ապրել է այս «թերությամբ», ստացել բարձրագույն կրթություն, ծառայել բանակում, ընտանիք կազմել և իր յուրահատկության մասին ոչինչ չի իմացել: Այս մասին տեղեկացնում է «Московский Комсомолец»-ը:

Նշվում է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխել տրանսիստորային իշեմիկական հարձակման պատճառով. նա ձեռքի և ոտքի շարժունակության հետ կապված խնդիրներ ուներ, որն առաջացել էր գլխուղեղում արյան շրջանառության խախտումների պատճառով: Հետազոտությունների ժամանակ ձախ կիսագնդի տարածքում լուսանկարում հայտնվել է սև «անցք», և նյարդաբանները եկել են այն եզրահանգման, որ տղամարդու մոտ բոլոր ֆունկցիաները կատարում է ուղեղի աջ կիսագունդը:

Գլխուղեղի արյան շրջանառությունը հաջողվել է վերականգնել, և տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից: Հետագա հետազոտություններ անցնելուց նա հրաժարվել է` նշելով, որ նույնիսկ չի ցանկանում մտածել այն մասին, որ իր գլխուղեղի մի կիսագունդը բացակայում է: Նա նշել է, որ նորմալ կյանքով է ապրում, դժգոհություններ չկան և հավելյալ «փառքի» կարիք չունի:

Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է գլխուղեղի մեկ կիսագնդով առողջ մարդ