Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումը Թուրքիա

12:42 • 12.07.19

Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ այդ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:

Դրանք տարվում են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա, ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:

Օրեր առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ Թուրքիա ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կարող է սկսվել «հաջորդ շաբաթ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: