Huawei-ը մտադիր է աշխատակիցների զանգվածային կրճատումներ իրականացնել ԱՄՆ-ում
Սմարթֆոններ արտադրող չինական Huawei ընկերությունը մտադիր է զանգվածային կրճատումներ իրականացնել Futurewei դուստր ընկերությունում, որը գտնվում է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը հարյուրավոր մարդկանց ազատման մասին է: Նրանց մի մասն աշխատանքը կշարունակի Չինաստանում: Futurewei-ի հետազոտական լաբորատորիաներում, ընդհանուր առմամբ, շուրջ 850 մարդ է աշխատում:
Անձնակազմի կրճատման պատճառ է նշվում ԱՄՆ-ի առևտրի նախարարության սև ցուցակում Huawei-ի ընդգրկման հետևանքով առաջացած դժվարությունները: Ընկերությունից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:
Հուլիսի 10-ին հաղորդվում էր, որ Վաշինգտոնը թույլ կտա ամերիկյան ընկերություններին իրենց արտադրանքը վաճառել Huawei-ին, եթե դա վտանգ չներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության համար:










