Ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով Իջևանի ԲԿ-ում գտնվում է երկու ոստիկան, մյուսները տեղափոխվել են Երևան ու Նոյեմբերյան (տեսանյութ)
3.20
Tert.am-ի ուղիղ եթերում Իջևանի ԲԿ-ի վիրաբույժ Հրաչյա Ներսիսյանը տեղեկացրեց, որ ընդունել էին 14 վիրավոր` 12 ոստիկան, 2 քաղաքացի: Հիվանդների մոտ գերակշռել է պատռվածքներն ու սալջարդ վերքերը: Բոլորը հետազոտվել են, ստացել են համապատասխան բուժումներ:
Նա նշեց, որ Իջևանի ԲԿ-ում է գտնվում երկու ոստիկան, 8-ը տեղափոխվել է մայրաքաղաք, 2-ը` Նոյեմբերյան: Երկու քաղաքացիները դուրս են գրվել և կշարունակեն ամբուլատոր բուժում ստանալ:
03.10
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը:
«Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը
Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու և մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաև կոռուպցիոն մեխանիզմի դեմ էր, սա պայքար էր կոռուպցիայի դեմ»։
01.53
Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով Իջևանի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել 12 ոստիկան և 2 ցուցարար: Քաղաքացիները դուրս են գրվել, ոստիկանները շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:
01:34
Բանակցություններից հետո ճանապարհը բացվել է, այս պահին ոստիկանները կարգավորում են երթևեկությունը: Այս պահին դեռ մեկ կիլոմետրից ավելի ավտոմեքենաների խցանում կա: Ոստիկանները շարունում են տեղում մնալ:
01.20
Իջևանում լարված իրավիճակը շարունակվում է: Հատուկջոկատայինները միացել են ոստիկաններին, ցուցարարները ձերբակալվում են: 
00:44
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության ղեկավար անձնակազմն այս պահին բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։
«Ճանապարհն այս պահին փակ է։ Իջևանում են ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար անձնակազմը։ Բանակցություններ են տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ», - ասաց նա՝ ավելացնելով, որ ավելի վաղ փակ ճանապարհը՝ ոստիկանների կողմից բացելու փորձից հետո ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ:
Աշոտ Ահարոնյան նաև տեղեկացրեց, որ տուժածներից 11 ոստիկան է դիմել հիվանդանոց, մնացածի վնասվածքներն աննշան են։

23.30
Նշենք, որ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
22.49
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ փորձում է ցուցարարներին համոզել բացել Իջանի մայրուղին: Նա ասաց, որ իրենք առաջարկել են բազմաթիվ տարբերակներ` հարցը կարգավորելու համար, բայց քաղաքացիները պնդում են անօրինական փայտանյութը վաճառելու թույլտվություն տալ:
Չոբանյանը նշեց, որ նման բան լինել չի կարող և որ իրենք չեն կարող թույլատրել, որպեսզի անօրինական պահանջի պատճառով երկրի անվտանգությունը խոցվի: Մարզպետն ասաց, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձել է բացել ճանապարհը, եղել է դիմադրություն, ոստիկանությունը հետ է քաշվել:
Դիտարկմանը, թե լուրեր կան վիրավորների մասին, Հայկ Չոբանյանն ասաց, որ չի կարող հստակ թիվ ասել, թե քանի վիրավոր կա, բայց նշեց, որ երկու կողմից էլ վիրավոր կա՝ և ոստիկանության, և ցուցարարների կողմից, որովհետև քարերով ու փայտերով են միմյանց հարվածել:
22:31
Իջևանի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն. «Բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում կան մի քանի ոստիկաններ ու քաղաքացիներ»։
22:07
Այսօր երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, ինչպես նաև քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և չեն բացել ճանապարհը:
Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Նրանք պահանջում են հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:
Լուսանկարները և տեսանյութը` hetq.am-ի










