1973 ձիաուժ հզորություն և 18 րոպե լիցքավորման համար. Lotus-ը գաղտնազերծել է իր առաջին էլեկտրական հիպերքարը (լուսանկարներ)
Բրիտանական ավտոարտադրողը ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մոդելը՝ Lotus Evija-ն, որը կարող է 1973 ձիաուժ հզորություն զարգացնել:
Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, Evija-ն առաջին մոդելն է, որով ավտոարտադրողը մուտք է գործում հիպերքարերի շուկա: Մոդելի մասին առաջին տեղեկությունները հաղորդվել էին անցյալ տարի, երբ Մեծ Բրիտանիայում լուրեր տարածվեցին, որ Lotus-ն աշխատում է 2.8 մլն դոլար արժողությամբ էլեկտրական հիպերքարի ստեղծման ուղղությամբ, որը կարող է մրցակցել այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են Rimac C_Two և Pininfarina Battista էլեկտրամեքենաները:
Ներքին շուկայում Type 130 անունով հայտնի մոդելից 130 փորձնական նմուշ կստեղծվի ճանապարհային երթևեկության համար, որոնց արտադրությունը մեկնարկելու է հաջորդ տարի:
Evija-ն ածխածնամանրաթելային մոնոկոկ շասիի շնորհիվ կշռում է ընդամենը 1680 կգ: Մեքենան համալրված է լիթիում իոնային համալիր մարտկոցներով: Ընկերության պնդմամբ՝ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնելու է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 320 կմ/ժամ:
Մեքենան 80 տոկոսով լիցքավորվում է 12 րոպեում, իսկ ամբողջական լիցքավորումը տևում է 18 րոպե:














