Գիտնականները Ծիր Կաթինի ձևավորման մասին նոր ուսումնասիրություն են հրապարակել
Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղագետների խումբը նոր ուսումնասիրություն է հրապարակել՝ նվիրված Ծիր Կաթին գալակտիկայի ձևավորման առեղծվածին, գրում է phys.org-ը:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ գալակտիկան կազմված է աստղերի երկու տարբեր խմբերից, որոնք բախման արդյունքում միավորվել են: Ծիր Կաթինը 10 մլրդ տարի առաջ կուլ է տվել իրենից զանգվածով 4 անգամ փոքր գալակտիկային:
Նախկինում արված հետազոտությունների համաձայն՝ ենթադրվում էր, որ մեր գալակտիկան բաղկացած է երկու տարբեր աստղախմբերից, սակայն դրանց միաձուլման հստակ ժամանակագրությունն անհայտ էր:
Ոսումնասիրության շրջանակում գիտնականները Gaia աստղադիտակի օգնությամբ ուսումնասիրել են Ծիր Կաթինի տարածքում Արեգակից 6500 լուսատարի հեռավորության վրա գտնվող մոտ մեկ միլիոն աստղի դիրքը, լուսավորության աստիճանն ու հեռավորությունը:
Ոսումնասիրությունից հետո գիտնականների թիմը եկել է այն եզրահանգմանը, որ աստղերի խմբերի տարիքը նույնն է եղել, սակայն ավելի կապույտ աստղերը «քաոսային շարժման» մեջ են եղել, ինչը վկայում է Ծիր Կաթինի կողմից ավելի փոքր գալակտիկայի կլանման մասին:










