Ֆրանսիայում 140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի՝ կես տոննա կշռող ոսկոր է հայտնաբերվել
Ֆրանսիայում հնէաբանները 140 մլն տարվա հնության դինոզավրի ոսկոր են հայտնաբերել, որի երկարությունը մոտ 2 մետր է, քաշը՝ 500 կգ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Փարիզի պատմության ազգային թանգարանի հնէաբան Ռոնան Ալենն իր զարմանքն է արտահայտել ազդոսկրի՝ այդքան լավ պահպանված լինելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ դինոզավրը հավանաբար 40-50 տոննա է կշռել:
Ալենը նաև նշել է, որ նման մեծության ոսկոր գտնելը հազվագյուտ երևույթ է, քանի որ դրանք սովորաբար ժամանակի ընթացքում մասնատվում և քայքայվում են:
Շարանտ գավառում, որտեղ հայտնաբերվել է դինոզավրի ոսկորը, 2010թ.-ից ի վեր 40 տարբեր կենդանատեսակների՝ 7500-ից ավելի բրածո է հայտնաբերվել:










