Չինաստանում հաջողությամբ փորձարկվել է առաջին «արևային» անօդաչու սարքը
Չինաստանում արտադրված MOZI 2 անօդաչու թռչող սարքը, որն աշխատում է արևային մարտկոցով, հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը, գրում է regnum.ru-ն՝ սարքի ստեղծող OXAI Aircraft ընկերությանը հղումով:
Փորձնական թռիչքն իրականացվել է հուլիսի 27-ին՝ երկրի արևելյան Չժեցզյան շրջանում: Նշվում է, որ սարքի թևերի երկարությունը 15 մետր է: Դրանք ամբողջությամբ պատված են արևային վահանակներով, որոնցից էլ սնուցվում է սարքը:
Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը 8000 մետր է, իսկ ցերեկվա ամբողջական լիցքավորումից հետո նվազագույն արագությամբ օդում գտնվելու ժամանակը գիշերային ժամերին 12 ժամ է:
Ակնկալվում է, որ սարքը կօգտագործվի բնական աղետների հետևանքները վերացնելու, տեղանքը հետախուզելու և կապի նպատակներով:
OXAI Aircraft ընկերության գլխավոր տնօրեն Մաո Ինցինը նշել է, որ անօդաչու թռչող սարքը կաշխատի 5-րդ սերնդի 5G կապով, ինչը հետագայում զգալիորեն կընդլայնի դրա գործածության ոլորտները:










