ԱՄՆ-ն բաժանվել է երկու ճամբարի. Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները փողոց են դուրս եկել. Daily Mail (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները հաջակցություն և ի դժգոհություն Թրամփի վարած քաղաքականության բազմաթիվ պաստառներով փողոց են դուրս եկել, գրում է Daily Mail-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հանդիպել էր Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած հրաձգությունից փրկվածների հետ, ինչպես նաև առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ այցելել էր Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի հիվանդանոց:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագահն այցերի ընթացքում փորձել է խուսափել լրագրողների հետ «առճակատումներից»:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, մինչ նա տիկնոջ հետ շրջայցեր է կատարել, Դեյթոն քաղաքի Մայամի Վելլի հիվանդանոցի մոտ շուրջ 200 ցուցարար է հավաքվել: Նրանք մեղադրել են Թրամփին «տենդագին» հռետորաբանության, երկրում քաղաքական և ռասայական լարվածություն առաջացնելու համար: Ցուցարարների գլխավոր պահանջը, ինչպես հաղորդում է աղբյուրը, զենքի վաճառքի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելն է:
Նրան դիմավորել են «Աղբ Թրամփ», «Դու ես մեղավոր», «Ռասիստ, հեռացիր» պաստառներով: Ինչպես նախորդ ցույցերի ժամանակ, այս անգամ ևս ցուցարարներն իրենց հետ բերել են «փոքր Թրամփի» դիրիժաբլը՝ պահանջելով «դադարել երեխա լինել»:
Սակայն, ինչպես փոխանցում է աղբյուրը, ցուցարարների կողքին եղել են նաև մարդկանց խմբեր, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Թրամփի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցած օրերին զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք է գրանցվել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է:
Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Երրորդ դեպքը գրանցվել է Չիկագոյի մանկական խաղահրապարակում, որի հետևանքով 7 մարդ է վիրավորվել: Միջադեպը գրանցվել էր տեղի ժամանակով ժամը 1:20-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 10:20-ին): Անհայտ անձը կրակ էր բացել սև գույնի Chevrolet Camaro մակնիշի մեքենայից:























