Անգլիայի 33-ամյա բնակչուհու կյանքը կարող է ցանկացած պահի ընդհատվել, եթե նա շարժի գլուխը

01:51 • 13.08.19

Անգլիայի 33-ամյա բնակչուհի Ռեյչել Պիգիլսը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն աշխարհում կարող է բուժել միայն երեք մասնագետ: Կինը կարող է մահանալ ցանկացած պահի, եթե շարժի գլուխը: Այս մասին հայտնում է Mirror-ը` ներկայացնելով կնոջ պատմությունը:

Դեռևս երկու տարի առաջ Ռեյչելը ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ նա սկսել է օգտագործել իմունային համակարգը վերականգնող դեղահաբեր: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նա զգալիորեն նիհարել է և սրտխառնոց ունեցել, ինչի համար էլ երեք անգամ հոսպիտալացվել է:

«Չէի կարողանում բազմոցից բարձրանալ: Միանգամից դադարեցրի դեղահաբերի ընդունումը, սակայն նոպաները շարունակվեցին»,- պատմել է նա:

Հիվանդանոցում Ռեյչելին ախտորոշել են Ադիսոնի հիվանդություն, որը հազվագյուտ է հանդիպում: Մակերիկամների գեղձը դադարում է արտադրել կորտիզոլ և ալդոստերոն հորմոններ` բավարար քանակությամբ: Նշանակված բուժումն անարդյունք էր և կնոջ վիճակը գնալով վատանում էր:

«Բուժման կուրսը շարունակում էի, սակայն կորցնում էի քաշս: Ադրենալինի պակասից ձեռքերս դողում էին, ցանկացած պահի կարող էի քնել: Աեմն ինչ բարդացավ այն ժամանակ, երբ պատահաբար գլուխս հարվածեցի օդափոխիչին»,- նշել է նա:

2019 թվականին սկանավորումը ցույց է տվել, որ նրա ուղեղն իջնում է գանգոսկրի հիմքին: Այժմ ցանկացած շարժում կարող է ավարտվել ներքին գլխատմամբ և գանգն ամբողջությամբ կարող է բաժանվել ողնաշարից: Այդ պատճառով Ռեյչելը պարանոցի հատուկ վիրակապ է կրում և ստիպված է դիմանալ գլխացավերին, գլխապտույտներին և հոգնածությանը:

Այժմ Ռեյչելն ու իր ամուսինը մտադիր են 135 000 ֆունտ սթերլինգ գումար հավաքել, որպեսզի կարողանան վճարել իսպանացի բժշկին, որն աշխարհի այն երեք մասնագետներից մեկն է, ով կարող է վիրահատություն անցկացնել` միացնելով պարանոցը գանգոսկրին:

Անգլիայի 33-ամյա բնակչուհու կյանքը կարող է ցանկացած պահի ընդհատվել, եթե նա շարժի գլուխը