Toyota-ն անձրևների պատճառով ժամանակավորապես կդադարեցնի Ֆուկուոկայի գործարաններում արտադրությունը
Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota ընկերությունը չորեքշաբթի որոշում է կայացրել հարավ-արևմտյան Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող իր ձեռնարկություններում արտադրությունը հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Որոշումը վերաբերում է Կանդա և Միյատա քաղաքներում գտնվող երկու գործարաններին, որտեղ բացի Toyota-ից արտադրվում են նաև Lexus պրեմիում ապրանքանիշի ավտոմեքենաներ: Հոսքագծերը կկանգնեցվեն չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտ:
Միյատայի գործարանում աշխատում է մոտ 9 հազար մարդ, տարեկան արտադրվում է շուրջ 300 հազար ավտոմեքենա: Կանդա քաղաքում գտնվող գործարանն իր ծավալներով երկու անգամ ավելի փոքր է:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով մահացել է երեք մարդ, ավելի քան 810 հազար մարդու առաջարկվել է տարհանել: Նագասակի, Սագա և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը, ջրով են ծածկվել քաղաքների փողոցները:










