Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ ուղղակի հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է. Հայկ Գևորգյան

18:02 • 30.08.19

Այն անորոշությունները, որոնք կան այսօրվա ՇՄԱԳ-ի հետ կապված, այնքան աննշան են, որ ցանկացած հաջորդ ՇՄԱԳ ուղղակի հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցում շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատականի անհրաժեշտության մասին:

Ըստ Գևորգյանի՝ դա պնդում է, քանի որ ուսումնասիրել է այն տեխնոլոգիան, որով աշխատում է Ամուլսարը, ինչն այսօր աշխարհում ամենամաքուրն է: «Տեխնոլոգիան այնպիսինն է, որ ես ուղղակի վստահ եմ՝ ցանկացած ՇՄԱԳ  տալու է դրական արդյունք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «ԷԼԱՐԴ»-ի  առնչությամբ կառուպցիոն ռիսկերի  հավանականությանը՝ պատգամավորն ասաց, որ ի տարբերություն այլ հանքերի` այս դեպքում դա պնդել չի կարող:

«Եթե համեմատենք մեր այսօրվա հանքերը, դրանց արդյունահանման տեխնոլոգիան և այն տեխնոլոգիան, որը անում է Ամուլսարը, դա, չգիտեմ ինչի հետ համեմատեմ, օրինակ, ինչպես համեմատես զապառոժեցն ու մերսեդեսը․ սա իրականում կանաչ տեխնոլոգիա է: Նույնիսկ բնապահպանները չեն խոսում տեխնոլոգիաների տարբերության մասի, որովհետև կպարզվի, որ սա շատ ավելի լավ տեխնոլոգիա է և չկա մետաղական հանքերից մետաղը կլանելու ավելի մաքուր տեխնոլոգիա»,-ասաց նա:

Հայկ Գևորգյանը նշեց, որ Ամուլսարի հետ կապված խնդիրներն իրեն հետաքրքրում են բացառապես տեխնիկական, բնապահպանական և տնտեսական առումներով: