Դժվար թե նոր ՇՄԱԳ-ը հանքը շահագործելու հնարավորություն տա, պետք է քաղաքական կամք, որ հարցին տրվի վերջնական լուծում. Ամուլսարի հանքին դեմ հանդես եկողները՝ տեսակոնֆերանսի մասին

21:57 • 30.08.19

ELARD ընկերության հետ կառավարության անցկացված տեսակոնֆերանսից և վերջին շրջանի ողջ գործընթացից հետո տրամաբանական շարունակությունն այն է, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի. Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

«Տեսակամուրջին հարց հնչեց, որ եթե «Լիդիան»-ի տված ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) տվյալները ոչ ամբողջական են, թերի են և չեն արտացոլում ամբողջ իրականությանը, ապա ինչպե՞ս է նման եզրակացություն տրվել, որ հանքը կարող են շահագործել, ELARD ընկերության փորձագետներն ասացին, որ նման եզրակացություն չեն տվել, այլ ասել են, որ կմեղմվի իրավիճակը՝ ելնելով նրանից, որ աշխարհի բոլոր տեղերում, որտեղ հանքարդյունաբերություն են իրականացնում, նման միջոցներով մեղմում են»,-ասաց նա:

Սահակյանը նշեց, որ տեսակոնֆերանսից հետո ունեցանք մի վիճակ, երբ Քննչական կոմիտեի եզրակացությունը, թե «Էլարդ»-ի ուսումնասիրությունը դրական երանգներ է պարունակում, հենց իրենց կողմից կասկածի տակ դրվեց։

«Մեր գնահատականն այն է, որ անձամբ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեն անհասկանալի պատճառով մոլորության մեջ են գցել ոչ միայն վարչապետին, այլ նաև հանրությանը, կառավարող կուսակցության շատ ներկայացուցիչներին, և դա երեկ ակնհայտ դարձավ տեսակամուրջի ժամանակ, երբ «Էլարդ»-ը բացասական գնահատական էր տվել, թերի էր համարել և անվստահելի համարել «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի շատ կետեր, այնինչ Քննչական կոմիտեն դա ներկայացրել էր որպես դրական եզրակացություն, ավելին՝ հատուկ պատվիրել էր հուշագիր (մեղմման միջոցների առաջարկություն), որը մոլորության մեջ էր գցել հանրության ու կառավարությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով փորձագետների այն դիտարկմանը, թե նոր ՇՄԱԳ պետք է հայտարարվի, քանի որ թերություններ կան, Սահակյանը նշեց`դժվար թե նոր ՇՄԱԳ-ը հանքը շահագործելու հնարավորություն տա:

Իսկ թե ըստ նրա՝ միջազգային արբիտրաժին դիմելու դեպքում Քննչական կոմիտեի եզրահանգումը ՀՀ-ի դիրքերը չեն՞ թուլացնի, ՔՈ կուսակցության անդամը նշեց, որ գնդակը հիմա գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում. «Նա օրենսդրական լուծումներ պետք է գտնի այդ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության համար, բայց ընդհանուր առմամբ, ես նախ՝ արբիտրաժ դիմելու «Լիդիան»-ի հնարավորություններն եմ կասկածի տակ դնում, ապա՝ եթե ամեն դեպքում դիմի, հաղթելու հավանականությունն եմ խիստ կասկածի տակ դնում»,-ասաց նա:

«Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նույն կարծիքի է՝ տեսակոնֆերանսից հետո ավելի քան պարզ է, որ այս ՇՄԱԳ-ը թերի է, և կառավարությունը պետք է որոշի այդ ՇՄԱԳ-ը ուժի մե՞ջ է, թե՞ նոր ՇՄԱԳ են նշանակում:

«Թե՛ փաստերը, թե՛ հանգամանքներն այնքան պարզ են, որ ուղղակի պետք է քաղաքական կամք, որպեսզի հարցին տրվի վերջնական լուծում: Մենք հիմա չենք ուզում կասկածի տակ դնենք մեր նոր կառավարության քաղաքական կամքը և ուշադիր հետևում ենք պրոցեսներին: Վստահ ենք, որ կլինի նոր ՇՄԱԳ-ի նշանակում կամ հնի չեղյալ համարում, այսինքն՝ այստեղ մնում է կառավարության որոշելիքը և ուզում ենք հավատալ, որ կլինի ի շահ մեր պետության»,-ասաց նա:

Բունիաթյանը նշեց, թե իրենք չեն փորձում մտնել ներիշխանական պրոցեսների մեջ և քննարկել, թե ինչու Քննչական կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ թերություններով հանդերձ որևէ վտանգ չեն տեսնում: «Դա կառավարության լուծելի մասն է, թե իր որ ճյուղում ինչ խնդիր կա, ինչի համար են հակասությունները: Մենք չենք կարող գնահատական տանք գոնե այս պահին: Տեղյակ ենք, որ հանձնարարված է Շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի ստուգումների արդյունքում պարզեն նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ, ամսի 4-ին հստակ կլինի, բայց համայնքի բնակիչների մոտ դիրքորոշման փոփոխություն չկա: Մենք միշտ ասել ենք, որ մենք մեր ֆիզիկական ներկայությամբ խանգարելու ենք Ամուլսարում հանքարդյունաբերության իրականացմանը, մենք այդ դիրքորոշումից չենք հրաժարվում»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է ակտիվիստները այլևս Ամուլսարի հանքի մուտքին հերթապահություն չիրականացնեն և բացեն ճանապարհը, հաշվի առնելով տեսակոնֆերանսին «Էլարդ»-ի փորձագետների մատնանշած բացթողումները՝ Շիրակ Բունիաթյանը նշեց. «Երբ որ կառավարության կողմից դադարեցվի տվյալ կազմակերպության կողմից տրված ՇՄԱԳ- թույլտվությունը, կարծում եմ իմաստ չի ունենա ամենօրյա հերթապահության: Դրանք փուլեր են, որ պետք է քննարկվի համայնքի բնակչության հետ և հասկանանք բոլորի դիրքորոշումը, որովհետև մեր պայքարում չկան կոնկրետ լիդերներ, դա համայնքի պայքարն է և համայնքի մեծամասնությունը ոնց գտնի, այդպես էլ կլինի»: