Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերսկսել է 4 գիշերօթիկի լուծարման գործընթացը

19:22 • 30.08.19

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման  էր ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ, որով նախատեսվում է լուծարել ևս 4 գիշերօթիկ հաստատություն՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատությունը»:

Սակայն Tert.am-ի հարցման ի պատասխան` նախարարությունից տեղեկացրին, որ ՊՈԱԿ-ների  լուծարման վերաբերյալ նախագծերն առժամանակ դադարեցվել են հունվարին, այժմ գործընթացը շարունակվում է:

«Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ, որի շրջանակներում գիշերօթիկ 7 հաստատություններից 3-ն արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների: Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների մշակման ծրագիր, որի շրջանակներում էլ ընթացք է տրվել գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին»,- ասված է հարցման պատասխանում:

Ըստ նախարարության՝ լուծարման պատրաստվող 4 գիշերօթիկ հաստատությունում իրականացվում է ընդհանուր առմամբ 260 երեխաների խնամք:

Հարցին՝ փակվող հաստատություններից օգտվող երեխաներին գիշերօթիկի փոխարեն ի՞նչ այլընտրանք է առաջարկվում, նախարարությունից պատասխանել են.  «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, համաձայն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման, իրականացնում են ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումը ընտանիքներին և կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ»։

Ըստ նախարարության՝ երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքները փաստում են, որ 260 երեխաներից միայն շուրջ 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում երեխաների գտնվելը կենսաբանական ընտանիքներում, մյուս բոլոր դեպքերում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքներում աջակցության պարագայում՝սկսած ավելի փոքր և զուտ նյութական աջակցությունից մինչև ավելի երկարաժամկետ ու համալիր աջակցություն։ Մյուս 20 երեխայի դեպքում քննարկվում են այլ հաստատություններում կամ խնամատար ընտանիքներում նրանց հետագա խնամքի կազմակերպման տարբերակները:

4 գիշերօթիկ հաստատության փակման արդյունքում խնայված գումարներով նախարարությունը պլանավորում է էապես ընդլայնել ցերեկային ծառայությունների ծածկույթը՝ նախատեսելով 2020 թվականից 30 խոշոր բնակավայրերում պատվիրակված ծառայությունների միջոցով ցերեկային կենտրոնների հիմնում, որն էական աջակցություն է ընտանիքների համար։ Ցերեկային ծառայությունները ներառելու են շարժական ծառայությունների բաղադրիչ՝ սպասարկելով նաև շրջակա գյուղական համայնքներին, ինչպես նաև սոցիալական օգնականի ծառայությունները։

«Չորս գիշերօթիկ հաստատություններում 260 երեխաների խնամքի համար պետությունը 2019 թվականի բյուջեով հատկացրել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ։ Կես միլիարդ ՀՀ դրամը կբավականացնի հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ ցերեկային անհրաժեշտ ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում շուրջ 4000 երեխաների և նրանց ընտանիքներին՝ ծառայությունների ծածկույթ ապահովելով նաև այնպիսի բնակավայրերում, որտեղ նման ծառայություն ուղղակի չկա»,-ասվում է նախարարության պատասխանում: 

 

ՀեղինակԱնի Օհանյան