«Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետը հրապարակել է Skype-կոնֆերանսի տեսագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ երեկ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։ Գրառմանը կից նա ներկայացրել է Skype-կոնֆերանսի տեսագրությունը։ Գրառման մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն:
Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:
Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»:
Կառավարության կայքում էլ մամուլի հաղորդագրություն է հրապարակվել, որում ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:
Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:
Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:
Տեսակոնֆերանսի տեսանյութը պատրաստման փուլում է և կհրապարակվի ավելի ուշ:













