Չեմ պատրաստվում պատերազմել, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել հոդվածներիս օրիգինալության աստիճանը. ՀՊՏՀ ռեկտորի Ժ/Պ-ն՝ իրեն արտագրության մեջ մեղադրելու մասին

18:57 • 30.08.19

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների հաղորդագրությունների վերաբերյալ չեմ ուզում պատերազմի մեջ մտնել նրանց հետ լրատվական դաշտում, հակված եմ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն քննության առարկա դարձնի այս հարցը, և այն փակվի: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել անգամ գիտական հոդվածների օրիգինալության աստիճանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ ուսանողների նամակին, որտեղ, մասնավորապես, դիմում են Արայիկ Հարությունյանին՝ անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում իրենց կողմից բացահայտված արտագրության դեպքերին։

«Դրանք գիտական հոդվածներ են, որոնք հրապարակվել են Cyberleninka կայքում, որը նախքան հոդվածի հրապարակումը ստուգում է օրիգինալության աստիճանը: Եթե դուք ինքներդ ուսումնասիրեք, թե որքան է օրիգինալության աստիճանը, ապա կտեսնեք, որ դրանք միջազգային ստանդարտներին համապատասխան են: Հոդվածներից մեկի օրիգինալության աստիճանը 95 տոկոս է, մյուսինը՝ 92 տոկոս, իսկ կուրսային աշխատանքի այսպես ասած՝ «հարթ քոփին» էլ ես ունեմ, առաջին դեպքի հետ կապված առկա է գիրքը, որին կատարված է հղումը:

Ես չեմ ուզում պատերազմի մեջ մտնել լրատվական դաշտում, հայտարարություններով հանդես գամ, ես կանտեսեմ այդ ամենը»,-ասաց Դիանա Գալոյանը:

Հարցին, թե սա որևէ խնդիր չի՞ առաջացնի ուսումնական տարվա մեկնարկին, Դիանա Գալոյանն ասաց, որ ուսումնական տարվա համար ամեն ինչ պատրաստ է, դասախոսները պատրաստ են, դասացուցակները պատրաստ են, ուսումնական տարվան չի կարող խանգարել այն ամենը, ինչ կատարվում է:

Հարցին, թե Բարձրագույն որակավորման կոմիտեն քննության հարց դարձնելո՞ւ է իր այդ աշխատանքներն ու ուսանողների վկայակոչումները, Դիանա Գալոյանն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ, բայց ես հակված եմ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անցկացնի քննություն, որ մեկընդմիշտ փակենք այս թեման, հակառակ դեպքում հիմա ամեն մի տողի, էջի ու հղման համար պետք է հոդվածներ լինեն, իրենց նպատակը լրիվ այլ է, աղմուկն է և ուրիշ ոչինչ:

Վերջին անգամ եմ պատասխանում նման հերյուրանքների, որոշ լրատվամիջոցների հրապարակումների, որովհետև նման հրապարակումներն այլ նպատակ են հետապնդում: Բայց կրկնում եմ, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել իմ գիտական հոդվածների օրիգինալության աստիճանները, դրանք չեն անցնում միջազգային ստանդարտներով սահմանված 10 տոկոսը»: