Կրթություն չի նշանակում դիպլոմ, կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, կրթությունը մեզ ուղեկցում է ողջ կյանքում. Նիկոլ Փաշինյան

20:57 • 30.08.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար:

«Շնորհավորում եմ այսօրվա երեկոյի կապակցությամբ, որովհետև սա լավ առիթ է խոսելու գիտելիքի և կրթության մասին: Հույս ունեմ՝ բոլորդ գիտեք և տեսնում եք, որ այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է: Ինչո՞ւ ենք այդքան կարևորում կրթությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ:

Կապն այնքանով է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել՝ առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և կրել պատասխանատվություն՝ կայացված այդ որոշումների համար: Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ, իրականացնելու այդ որոշումները և կրելու այդ որոշումներից բխող պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, այսօր էլ  Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին:

Բայց մենք բոլորս, նաև այս դահլիճից, նաև այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը: Ես հասկանում եմ, որ այսօր էլ շատ մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել, որ մենք, ահա, ունենք բարձրագույն կրթություն, բայց մեր կյանքի որակն այնքան էլ լավ չէ:

Բայց ես ուզում եմ ասել նաև, որ կրթություն չի նշանակում դիպլոմ կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, և կրթությունը ոչ միայն դիպլոմն է, այլև այն մի գործընթաց է, մի պրոցես է, որ մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, դպրոցի ընթացքում, դպրոցից առաջ, դպրոցից հետո, համալսարանից առաջ և համալսարանից հետո, ընդհանրապես մեր ողջ կյանքում: Մենք ուզում ենք, որ կրթությունը հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար լինի ազգային ապրելակերպ, լինի պետական ապրելակերպ, կրթությունը լինի բոլորիս ամենօրյա զբաղմունքը և բոլորս առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ամեն օրվա հետ մեր կրթական ցենզը պետք է ավելին լինի, քան նախորդ ամիս, ամեն շաբաթվա հետ պետք է ավելին լինի, քան նախորդ շաբաթ, ամեն տարվա հետ էլ բնականաբար ավելին, քան նախորդ տարի:

Ես մեծ վստահությամբ եմ խոսում այս թեմաներից այս լսարանում, որովհետև տեսնում եմ և կրթության ասպարեզում ձեր ունեցած նվաճումները խոսում են այն մասին, որ դուք հենց այսպիսի բանաձևով եք առաջնորդվում, հենց այսպիսի կարգախոսով եք առաջնորդվում: Շատ կարևոր է, որ այս միջոցառումը տեղի է ունենում այստեղ, ահա այսպիսի հանդիսավոր պայմաններում:

Սա իհարկե առաջին հերթին գնահատանքի տուրք է ձեր ունեցած հաջողություններին կրթության ասպարեզում, բայց սա առավել ևս տուրք է կրթությանն ընդհանուր առմամբ, կրթություն ստանալու ձգտմանը ընդհանուր առմամբ: Սա նաև վկայությունն է այն բանի, որ մեր կառավարությունն իր կարևորագույն անելիքներից մեկը համարում է այն, որ Յայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ և յուրաքանչյուր հասուն, տարիքով քաղաքացի իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա, որովհետև քանի դեռ մարդը կա, քանի դեռ մարդն ապրում է՝ կրթությունը պետք է դառնա նրա հիմնական և առանցքային անելիքը, նրա հիմնական և առանցքային զբաղմունքը:

2018-2019 թվականների ուսումնական տարվա հարգելի ոսկե մեդալակիրներ, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներ, «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներ, շնորհավորում եմ բոլորիդ ձեր ունեցած հաջողությունների համար, ձեր ունեցած հաջողությունների առիթով և հույս ունեմ, որ ձեր արդեն իսկ ունեցած հաջողությունները ձեզ մղում են, ձեզ ոգեշնչում են կրթության ոլորտում և ընդհանրապես իմացության, գիտելիքի և որ շատ կարևոր է՝ այդ գիտելիքները կյանքում կիրառելու, առավել մեծ հմտություններ ձեռք բերելու: Ես ձեզ և մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում, որովհետև Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է:

Ահա այսպես ենք մենք պատկերացում Հայաստանի Հանրապետությունը և դուք ահա ապացուցում եք, որ այդ պատկերացումն ամենևին էլ երևակայական չէ, այդ պատկերացումն իրական է և ահա դուք այստեղ նստած եք որպես Հայաստանի Հանրապետության ազատ, հպարտ և գիտելիքով լեցուն քաղաքացիներ»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցականներին հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ: Ամփոփելով միջոցառումը, վարչապետը նշել է. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա գեղեցիկ և էներգիայով լի արարողությունը նոր էներգիա կտա կրթության ոլորտում նոր հաջողությունների հասնելու համար: Նրանք, ովքեր դեռ պետք է գնան ծառայության՝ մաղթում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ: Ամբողջ ուժով նվիրվեք կրթությանը, գիտությանը և ամբողջ ուժով նվիրվեք ձեր հմտությունները զարգացնելու գործին: Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ»: