Իսպանիայի նախկին թագավորը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ABC-ն:
Օգոստոսի 24-ին երկրի ներկայիս թագավոր Ֆիլիպ VI-ի հայրը վիրահատվել էր Մադրիդից ոչ հեռու գտնվող Պոսուելո դե Ալարկոն բնակավայրի կլինիկայում: 81-ամյա նախկին թագավորի վիճակը կայուն է գնահատվում, բժիշկների խոսքով՝ նա ապաքինման փուլում է:
Հայտնի է, որ նախկին թագավորը բազմիցս առողջական խնդիրների է բախվել: Անցած տարվա ապրիլին նա աջ ծնկի պոֆեզը փոխելու վիրահատություն էր տարել:
Մոտ 4 տասնամյակ կառավարելուց հետո 2014թ.-ին Խուան Կառլոսը հրաժարվել էր գահից՝ հօգուտ որդու՝ Ֆիլիպի, սակայն ձևականորեն պահպանել էր թագավորի կարգավիճակը: 2018թ.-ի հուլիսին նա հայտարարել էր, որ հեռանում է հանրային կյանքից և դադարեցնում իր գործունեությունը:
Իր կառավարության ընթացքում Խուան Կառլոսին հաջողվել է նվաճել իսպանացիների սրտերը՝ միավորվելով քաղաքացիների հետ հանուն ժողովրդավարական արժեքների, դառնալով նախարարների ժողովրդավարական կառավարման աջակից և խոչընդոտելով 1981թ.-ի հեղաշրջման փորձը:










