Չեխիայում ռեստորանը տուգանվել է` անչափահասների մուտքն արգելելու համար
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գտնվող «Ստոդոլա» ռեստորանը գլխավոր շենքում 18-ը չլրացած անձանց մուտքն արգելելու համար տուգանվել է 50 000 կրոնով (2120 դոլար), գրում է korrespondent.net-ը:
Չեխիայի առևտրի վարչության աշխատակցին արգելքի պատճառով չեն թույլատրել երեխայի հետ ռեստորան մտնել: Մուտքի դռան վրա կախված ցուցանակը պարունակել է «18-դ չի՞ լրացել: Սա խաղահրապարակ չէ՛» գրությունը, ինչպես նաև դրանում նշված է եղել, որ ընդունվում են միայն կանխիկ վճարումներ:
Ռեստորանի տերը ցուցանակը բացատրել է անչափահասներին ծխախոտ և ալկոհոլ վաճառելու համար ավելի մեծ տուգանքի ռիսկով:
Ռեստորանի ներսում, որը պատկանում է ամերիկացի ծխողների ակումբին, թույլատրվում է ծխել: «Սա մեծահասակների համար նախատեսված փաբ է, իսկ այն, ինչ անում ենք, օրենքի սահմաններում է»,- պարզաբանել է ռեստորանի ղեկավարությունը:
Փաստարկները, սակայն, չեն համոզել առևտրի հարցերով տեսչությանը: Սահմանված տուգանքը չվճարելու դեպքում ռեստորանին գույքի առգրավում է սպառնում:










