Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել. 5-ը գտնվում են ծանր վիճակում
Հոնկոնգում ոստիկանության և ցուցարարների միջև շաբաթ տեղի ունեցած բախումների հետևանքով ընդհանուր առմամբ 31 մարդ է տուժել, հաղորդում է RTHK-ն:
Հրատարակության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ, որոնցից 18-ը ավելի ուշ դուրս են գրվել, ևս 5-ը գտնվում են ծանր վիճակում:
Շաբաթ Հոնկոնգի տարբեր հատվածներում կատաղի բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք դուրս են եկել չարտոնված բողոքի ակցիաների: Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր:
Ցուցարարները ոստիկանների վրա նետել են աղյուսներ և այլ օբյեկտներ, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, նաև նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:










