Վենեսուելան մեղադրել է Կոլումբիային ահաբեկիչներին աջակցելու համար և այդ առնչությամբ կդիմի ՄԱԿ-ին

19:42 • 01.09.19

Վենեսուելայի կառավարությունը ՄԱԿ-ին կդիմի Կոլումբիայի կողմից «ահաբեկիչներին տրվող օգնության» առնչությամբ, որոնք մայրաքաղաք Կարակասում և երկրի այլ քաղաքներում պայթյուններ էին ծրագրել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Վենեսուելայի փոխվարչապետի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը:

«Վենեսուելան ՄԱԿ-ին համոզիչ ապացույցներ կներկանացնի այն բանի, որ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն պաշտպանություն և ապաստան է տրամադրում ահաբեկչական խմբավորումներին, որոնք մարզվում և զենք են ստանում Կոլումբիայից՝ մեր սահմանադրական կարգը խախտելու փորձերի համար: Դա խախտում է Անվտանգության խորհրդի 1373-րդ բանաձևը»,- գրել է Ռոդրիգեսը:

Ավելի վաղ լատինամերիկյան պետության կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր, որ երկրի օրինապահ մարմինները կանխել են դատարանի և հատուկ նշանակության ուժերի շենքերում ծրագրվող պայթյունները:

Կազմակերպիչներին փնտրելու նպատակով իրականացված գործողության ժամանակ մեկ կասկածյալ է ձերբակալվել: Վերջինս իր ցուցմունքներում հայտնել է, որ ահաբեկչության պատրաստությունները համակարգվել են Կոլումբիայի տարածքից: