«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ. Թրամփը կոչ է արել աղոթել կղզիներում ապրող մարդկանց համար (տեսանյութեր)
«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիների ափերին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնի Twitter-ի էջից:
Նշվում է, որ փոթորիկը հասել է Էլբոու Քեյ և Աբակո կղզիներ: Քամու առավելագույն արագությունը հասել է 298 կմ/ժ-ի:
Կենտրոնի մասնագետները կղզիների բնակիչներին խորհուրդ են տվել անհապաղ թաքնվել անվտանգ վայրերում, քանի որ քամու արագությունը կարող է ժամանակի ընթացքում ավելանալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում կոչ է արել աղոթել Բահամյան կղզիներում ապրող մարդկանց համար:
«Աղոթե՛ք Բահամներում գտնվող մարդկանց համար»,- գրել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ փոթորիկը նման ուժգնությամբ դեռևս հարված չէր հասցրել:
«Ժամում գրեթե 200 մղոն»,- հավելել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի ափի ամբողջ երկայնքով և Ջորջիա նահանգի ափամերձ շրջաններում տարհանում են հայտարարել սպասվող «Դորիան» փոթորկի պատճառով:
Փոթորիկը կսկսվի կեսօրին (երևանյան ժամանակով՝ երեկոյան ժամերին): Աղբյուրի տեղեկություններով՝ միայն Հարավային Կարոլինայում տարհանվում է 830 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տարհանվում է 1 մլն մարդ:
Բացի այդ, երեքշաբթի չեն աշխատի դպրոցներն ու պետական հաստատությունները:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:










