Փորձ է արվում ՀՀ ներքաղաքական լարվածության մի մասը տեղափոխել Արցախ. Աղասի Ենոքյան
Փորձ է արվում ՀՀ ներքաղաքական լարվածության մի մասը տեղափոխել Արցախ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նկատելով, որ ՀՀ-ի կողմից ՀԿ-ներին տրվեցին դրամաշնորհներ, որպեսզի Արցախի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնեն։ Նա շեշտեց, որ ՀՀ-ում այս երևույթը նախադեպ չունի։
«Երբեք Հայաստանը կասկածի տակ չի առել Արցախում կայացած ընտրությունների արդյունքները։ Այսօր ՀՀ-ում փորձում են լծակներ օգտագործել տեղի ընտրությունները դիտարկելու համար։ Սրա հետ կապված եղավ մենամարտ Վիտալի Բալասանյանի և Հայաստանի իշխանությունների միջև։ Նման զարգացումներ են գնում, որոնց ճակատագիրը դեռևս անհայտ է, քանի որ պարզ չէ, թե մինչև ուր կգնան ՀՀ իշխանությունները, և ինչքան կդիմադրեն Արցախի ներկայացուցիչները»,- ասաց նա։
Ենոքյանը ՀՀ-ի կողմից Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելը համարում է միջամտություն Արցախի ներքաղաքական կյանքին։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև կա աշխարհայացքի տարբերություն, քանի որ մինչ այս ՀՀ-ում իշխանությունները եղել են Արցախյան շարժման ղեկավարները, իսկ այժմ պատկերն այլ է:
Դիտարկմանը, թե ՀՀ-ում կայացած ընտրություններին ևս լինում են տարբեր միջազգային դիտորդական կազմակերպություններ, սակայն սա չի դիտարկվում որպես ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու գործընթաց, Ենոքյանն արձագանքեց․ «Բոլոր տիպի եվրոպական միջազգային դիտորդական կազմակերպությունները ստանում են հրավեր այն պետության կողմից, որտեղ անցկացվում են ընտրությունները, իսկ Արցախի կողմից չի եղել նման հրավեր, այլ ՀՀ-ն է նախաձեռնել։ Իսկ ե՞րբ են արցախցիների կողմից ընտրությունները դրվել կասկածի տակ»։
Դիտարկմանն առ այն, որ Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցներում ասել է, որ իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու ընթացքում արցախցիները ցանկացել են բողոքարկել, միտինգներ անել և այլն, սակայն ինքը թույլ չի տվել՝ մտածելով Արցախի անվտանգության մասին, արդեն չի՞ հուշում, որ լինում են խախտումներ, քաղաքագետը պատասխանեց․ «Իսկ հիմա ենթադրվու՞մ է, որ առաջնայինը չեն մտածելու անվտանգության մասին։ Եթե Արցախում կարծում են, որ ընտրությունների հետ կապված խնդիրներ են եղել, թող ինքը նախաձեռներ, նման դիտորդական կազմակերպություններ հրավիրեր»։
Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն Արցախի նախագահական ընտրություններին ունեն իրենց ցանկալի թեկնածուն։ «Հիմա մի քանիսն են, այս ընթացքում ամեն մեկն իր ֆունկցիան է կատարելու, վերջում միաձուլվելու են մեկ թեկնածու մեջ»,- շարունակեց Աղասի Ենոքյանը։
Աղասի Ենոքյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեսպանների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, թե իրեն Արցախի հարցի հետ կապված ժառանգություն է հասել։
«Նոր իշխանություններն Արցախի բանակցային գործընթացում միայն հետընթաց են արձանագրել։ Նրանք առաջ են քաշել մի կարևոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, բայց չեն կարողացել հասնել դրան, ավելին՝ մինչև հիմա պարզ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Փոխարենն այն կարևոր ձեռքբերումները, որոնք ունեինք, օրինակ՝ պայմանավորվածություններ մոնիթորինգի, վաղ կանխարգելման մեխանիզմերի տեղադրման և այլն, վերացել են օրակարգից»,- եզրափակեց Աղասի Ենոքյանը։










