Իրկուտսկի բնակիչները տեղադրել են Պուտինի կիսանդրին՝ սեփական խնդիրները ՌԴ նախագահին հասցնելու համար (տեսանյութ)

17:36 • 02.09.19

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Օլխոն կղզու բնակիչները կղզու տարածքում տեղադրել են նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական կիսանդրին, որպեսզի մարզի բնակիչները կարողանան իրենց անհանգստացնող խնդիրները հասցնել նախագահին:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են տեղափոխում գիպսից պատրաստված կիսանդրին:

«2019 թվականին Վլադիմիր Պուտինը բազմիցս այցելել է Իրկուտսկ: Այցերի պատճառը ջրհեղեղների հետ կապված ցավալի իրադարձություններն էին: Սակայն, նա չի նկատել Օլխոնի շրջանում տիրող իրավիճակը: Այդ պատճառով մենք որոշել ենք տեղադրել նախագահի կիսանդրին, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրենք գոյություն ունեցող խնդիրներին»,- «Росбалт» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել են գաղափարի հեղինակները:

Օլխոնի բնակիչների բողոքները մասնավորապես վերաբերում են տների գրանցման, հողերի վարձակալության հետ կապված խնդիրներին, ինչը կապված է Բայկալի շրջակայքում ապրելու հանգամանքի հետ:

«Անհնար է ապրել բայկալյան իրավական անոմալիայի պայմաններում, երբ մի օրենքը հակասում է մյուսին, երբ դատախազությունը ղեկավարում է դատարաններին, երբ քաղաքապետերը վախենում են որոշումներ ընդունելուց, երբ մարդիկ անկարող են ապրել առանց այս կամ այն հրամանագրի խախտման: Վլադիմիր Վլադիմիրովի՛չ, կենտրոնացրե՛ք Ձեր ուշադրությունը Բայկալի վրա: Այսպես մենք այն չենք փրկի»,- ասվում է տեսանյութում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: