«Դիարբեքիրի ժողովուրդը չի ճանաչում իր կամքը հաշվի չառնողների իշխանազավթումը». Կարո Փայլանը՝ Դիարբեքիրում անցկացված հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

13:56 • 02.09.19

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր պաշտոնական թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 1-ին Դիարբեքիր քաղաքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կազմակերպած հանրահավաքից:

Տեսանյութում երևում է, որ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ բողոքելու ընտրված քաղաքապետին պաշտոնազուրկ անելու և իշխանամետ պաշտոնակատար նշանակելու որոշման դեմ:

Իր մեկ այլ հրապարակման մեջ Փայլանը գրել է. «Դիարբեքիրի ժողովուրդը չի ճանաչում իր կամքը հաշվի չառնողների իշխանազավթումը»:

Հանրահավաքի պաստառների վրա գրված է եղել՝ «Չե՛նք լռում, չե՛նք վախենում, չե՛նք ենթարկվում, պայքարո՛ւմ ենք», «Կինը կյանք է, մի՛ սպանիր կյանքը», «Միասին հաղթել ենք, միասին կպաշտպանվենք», «Ֆաշիզմի և պատերազմի դեմ ժողովրդավարություն և խաղաղություն ենք ցանկանում», «Ժողովրդավարական հանրապետության միջոցով քրդական հարցին ժողովրդավարական լուծում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի՝ ներկայում առավելապես քրդաբնակ շրջաններում հակաիշխանական բողոքի ալիքը պայմանավորված է Դիարբեքիրի, Վանի և Մարդինի ընտրված քաղաքապետերի պաշտոնազուրկ արվելու և նրանց փոխարեն իշխանամետ պաշտոնակատարներ նշանակելու հանգամանքով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: