Վերաքննիչը Մելիք Մանուկյանի եղբոր կալանքը թողել է ուժի մեջ, ինչից հետո գրավի միջնորդություն է ներկայացվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, վերջերս մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբոր՝ ՍԱՄ-ՀԱՐ ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի բողոքը, նա կմնա կալանքի տակ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը, նշելով, որ դատավորն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
«Այդուհանդերձ, գրավի միջնորդություն է ներկայացվել դատարան, որը կքննվի այսօր, դատավորը Արտուշ Գաբրիելյանն է»,-ասաց Հովսեփ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և քննությանը խոչընդոտելու դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործով վեց ոստիկան տուժող է ճանաչվել:










