Ղրիմի նախկին նախագահը Թուրքիայում կաթված է ստացել և այժմ արհեստական կոմայի մեջ է
Ղրիմի նախկին նախագահ Յուրի Մեշկովը Թուրքիայում գլխուղեղի կաթված է ստացել: Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել, հաղորդում է interfax.ru-ն՝ 1994-1998թթ. Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վադիմ Մորդաշովին հղումով:
«Քիչ առաջ խոսել եմ նրա որդու՝ Մաքսիմի հետ: Կարող եմ ասել այն, ինչ ինձ հաղորդեց նրա որդին. Մեշկովը հանգստի է մեկնել Թուրքիա, որտեղ օդի ջերմաստիճանը 10 նիշով ավելի բարձր է, քան մեզ մոտ: Նա գլխուղեղի կաթված է ստացել»-, ասել է Մորդաշովը:
Նրա խոսքով՝ Մեշկովին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարք: Նախկին պատգամավորը հստակեցրել է նաև, որ Մեշկովը Թուրքիայում է գտնվում կնոջ հետ:
Նախկին նախագահի դուստրն իր հերթին Facebook-ում գրառում է արել՝ նշելով, որ հայրը կարող է մինչև լուսաբաց չապրել: «Եթե հրաշքով ողջ մնա, ամբողջ կյանքում հաշմանդամ կլինի»,- հավելել է նա:
Յուրի մեշկովը Ղրիմի առաջին և միակ նախագահն է եղել: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1994-1995թթ.: Նշենք, նախկին քաղաքական գործիչը 74 տարեկան է:










