Բրազիլացի պաշտոնյան սպառնացել է խեղդամահ անել Էմանուել Մակրոնին, որին «ծաղրածու», իսկ կնոջը՝ «հրեշ» է անվանել (տեսանյութ)
Բրազիլիայի զբոսաշրջության գծով հատուկ ներկայացուցիչ Ռենցո Գրեյսին, որը նաև խառը մարտարվեստների նախկին մարզիկ է, սպառնացել է խեղդամահ անել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որին «ծաղրածու» է անվանել, գրում է Daily Mail-ը:
Ռենցո Գրեյսին նման հայտարարությամբ հանդես է եկել Ամազոնի արևադարձային անտառներում հրդեհների մարման հարցում Բրազիլիայի նախագահին ուղղված Մակրոնի քննադատությունների և Բրազիլիայի ու Ֆրանսիայի կառավարությունների միջև լարվածության աճի ֆոնին:
52-ամյա պաշտոնյան Twitter-ում հրապարակած տեսանյութում Մակրոնին «ցնդաբանություններ դուրս տվող ծաղրածու» է անվանել և խոսքը «համեմել» մի շարք սպառնալից արտահայտություններով:
«Միակ հրդեհը, որ անմար է, բոցավառվում է բրազիլացիների և Բրազիլիայի նախագահի սրտում, ծաղրածո՛ւ»,- հայտնել է դեսպանը:
«Միայն թե ձեռքս ընկիր ու կտեսնես՝ ոնց եմ բռնում քո այդ հավի վիզը»,- հայտնել է խառը մարտարվեստների նախկին մարզիկը և սպառնացել իր ճանկում հայտնվելու դեպքում խեղդամահ անել Ֆրանսիայի նախագահին:
Ռենցո Գրեյսին զբոսաշրջության գծով հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել անցյալ ամիս՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրեյսին հայտնի է նաև Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին ուղղված «հոմոֆոբ» արտահայտություններով, մասնավորապես վերջին տեսանյութում Գրեյսին առաջին տիկնոջը «հրեշ» է անվանել:
Զրուցելով բրազիլական UOL պարբերականի հետ՝ նա հայտնել էր, որ զբոսաշրջությունը երկրում անկում է ապրում «ծաղրածուների բանդայի»՝ «կեղծ հրդեհների» վերաբերյալ ստահոդ հայտարարությունների պատճառով: Նրա պնդմամբ՝ հրդեհի մասշտաբներն այդքան էլ աղետալի չեն, որքան փորձում են ներկայացնել:
«Այդ ծաղրածուների բանդան մեր պետության մասին ստահոդ լուրեր է տարածում»,- հայտնել է Գրեյսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանարուի ակնարկին, որով վերջինս սոցկայքերում ծաղրել էր Ֆրանսիայի առաջին տիկնոջ արտաքինը: Մակրոնի խոսքով՝ հարավամերիկյան պետության նախագահը պետք է ամաչի նման պահվածքի համար:
Մակրոնը, մեկնաբանելով ակնարկները, ասել էր. «Այս ամենը շատ տխուր է: Ես կարծում եմ, որ բրազիլացի կանայք ամաչել են իրենց նախագահի գրառումը կարդալիս: Բրազիլիայի պես մեծ պետության նախագահը պետք է ամաչի նման պահվածքի համար: Քանի որ շատ եմ հարգում բրազիլացիներին, մեծապես հուսով եմ, որ նրանք իրեն նորմալ դրսևորող նախագահ կունենան»:










