Ուկրաինայի բնակչուհին նոր գնած բնակարանում կմախք է հայտնաբերել

11:02 • 03.09.19

Ուկրաինայի Խարկովի մարզի բնակչուհին Չուգուև քաղաքում նոր ձեռք բերած բնակարանում մարդկային կմախք է հայտնաբերել, գրում է lenta.ru-ն:

Խարկովի ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն՝ կինը նոր տան հատակին մարդկային ոսկորներ է հայտնաբերել բնակարանի ձեռքբերման պայմանագրի կնքումից երկու շաբաթ անց: Տարածված հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, չի նշվում՝ արդյոք կինը մինչ այդ պահն այցելել է բնակարան, թե ոչ:

Բնակարանի սեփականատերն իր անսպասելի «բացահայտման» հետ կապված դիմել է իրավապահ մարմիններին: Գործի առնչությամբ քննություն է տարվում:

Նմանօրինակ «գտածոներ» շարունակաբար տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում և քաղաքներում:

Հայտնի է դարձել, որ 2018 թվականին Վիլնյուս քաղաքի մի բնակչուհի չի կարողացել բացել քաղաքային աճուրդի ժամանակ ձեռք բերված նոր տան դռները, քանի որ դրանք կողպված են եղել ներսից: Համապատասխան մարմինների կողմից դռները բացելուց հետո տան մեջ հայտնաբերվել են մնացորդներ, որոնք ենթադրաբար պատկանել են նախկին սեփականատիրոջը:

Նմանօրինակ մի պատմություն էլ տեղի է ունեցել 2018 թվականի գարնանը Ռուսաստանի Սեվերոդվինսկ քաղաքում, երբ նոր վարձակալված բնակարանի վերանորոգման աշխատանքների ընթացքում պահեստային պահարանի հատակի ներքին շերտից տղամարդու ոսկորներ են հայտնաբերվել: Ըստ փորձագետների եզրակացության՝ ոսկորները պահարանում գտնվել են ավելի քան 10 տարի, ինչը մոտավորապես համընկնում է բնակարանի սեփականատիրոջ՝ անհետ կորելու ժամանակահատվածի հետ: