ՀՀ-ին պետք չէ առողջապահության նախարար, որն ատում է բոլոր կայացած բժիշկներին․ Գևորգ Թամամյան
Այն էյֆորիան, որ առողջապահության նախարարը ստեղծում է իր անվան շուրջ, այն ֆեյքերի բանակը, որ հարձակվում է, երբ որևէ մեկն այլ բան է ասում, թույլ չի տալիս, որ մարդիկ նախարարին ասեն՝ սուտ ես ասում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդական, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Նման առողջապահության նախարար Հայաստանին պետք չէ, ով ատում է կայացած բժիշկներին, ով ստում է բոլորին, ով գնում է, անկյուն է կանգնում, փախչում ասուլիսից։ Նա չի կարող շարունակել առողջապահության նախարար լինել: Մենք հպարտ պետություն ունենք, որը չի կարող ունենալ անկյունում խեղճացած առողջապահության նախարար։ Տղամարդավարի կարող էր կանգնել, իմ հարցերին պատասխանել: Ի՞նչ տարբերություն՝ լրագրո՞ղ է հարց տալիս, թե՞ բժիշկը նա»,- ասաց նա։
Թամամյանը խոսեց նաև դեղագործական ոլորտից և տեղեկացրեց, որ դեղագործական խորհրդի մեջ նախարարն, ինչպես ինքը որակեց, իր «պայծառ ուղեղով» ներառել է դեղ արտադրողի ու դեղ ներմուծողին։ Նա այս իրավիճակն որակեց որպես աբսուրդ։
«Նախարարը լսել է «շահերի բախում» հասկացության մասին։ Հասկանո՞ւմ եք՝ դեղ արտադրողն ու դեղ ներմուծողը մյուսներին թույլ է տալիս ՀՀ-ում դեղ արտադրել կամ ներմուծել։ Սա նույն բան է, որ հարկայինի խորհրդի վրա դնեն օլիգարխների։ Կամ ընդհանրապես ի՞նչ սկզբունքով են իր մտերիմները հիվանդանոցների խորհրդում հայտվում, օրինակ՝ Սուրբ Գ․ Լուսավորիչ հիվանդանոցը»,- ասաց նա։
Վերջինս խոսեց նաև նախարարի վարքի մասին։ Ըստ նրա՝ մի ամբողջ օր Թորոսյանի օգնականները զանգահարել են Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն և ճանապարհային քարտեզ էին պահանջում, որպեսզի որոշեն, թե ինչպես է նախարարը շարժվելու հիվանդանոցում։
«Այսինքն՝ որոշում էին, թե որ հարկ գա, որ դռնով մտնի և այլն: Պատկերացնո՞ւմ եք՝ նախարարն ունի արարողակարգ։ Հանդիպել եմ աշխարհի խոշորագույն երկրների նախարարներին, օրինակ՝ Չինաստանի առողջապահության նախարարին, ով նաև հայտնի արյունաբան է, բոլորի նման, բոլորի հետ կանգնած էր, բայց դե մեր կենտրոն «Հորդանանի արքայադուստրն» էր եկել»,- նշեց Թամամյանը։
Գևորգ Թամամյանի խոսքով, նախարարության վերին էշելոնի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ նախարարությունում բացարձակ «բարդակ» է տիրում։
«Նրանք նաև նշել են, որ մի շարք բազմավաստակ մասնագետների նվաստացնելով՝ ժամերով սպասեցնել է տվել ընդունարանում։ Ի՞նչ կարծիք ունի իր մասին`կարող է մանկական տրավմաներ է ունեցել, օրինակ՝ հեծանիվից է ընկել, որ փորձում է ուրիշների վրա հաստատվել։ Քանի՞ անգամ է եղել, որ գլխի ուռուցքով երեխային հերթագրել են մասնավոր ԲԿ-ում, ասում են՝ գնացեք նոյեմբերին կգաք։ Զանգել են, խնդրել են փոխնախարարին ու միջամտել է: Բա սովորական մարդիկ, որ նախարարության հետ կապ չունեն, ինչպե՞ս են ստուգվելու։ Քաղցկեղը տարածվում է»,- ընդգծեց Գևորգ Թամամյանը։










