Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ Սելահեթթին Դեմիրթաշն արդարացվել է, սակայն ոգևորված չէ

12:36 • 03.09.19

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ հարուցված քրեական գործի մի մասով նրա նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել: Ինչպես փոխանցում է նրա փաստաբաններից Արզու Քայաօղլուն՝ Դեմիրթաշը փաստաբանների չափ ոգևորված չի եղել:

Ըստ «Ակօս»-ի՝ նրա նկատմամբ դեռևս առկա է 4 տարի 8 ամիս կալանավորման պատիժ:

Ըստ էության՝ քրեական գործի մի մասով Անկարայի 19-րդ ծանր գործերով քրեական դատարանի կողմից արդարացման վճիռը կարելի է դիտարկել ԵՄ-ի՝ Թուրքիայի դատական համակարգի ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ զեկույցի ճնշման և այլ քաղաքական գործոնների համատեքստում:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում հրապարակել է դատարանի որոշումը, ըստ որի արդարացման որոշում է կայացվել «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» մեղադրանքի մասով:

Հիշեցնենք, որ դեռևս 2007թ. սկսված «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակում որպես մեղադրյալ են ներգրավվել և կալանավորվել Թուրքիայի բազմաթիվ քուրդ քաղաքական գործիչներ՝ այդ թվում Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) անդամ պատգամավորներ, քաղաքապետեր և այլ հասարակական-քաղաքական գործիչներ: