«Կամերաների առաջ առյուծ կտրող նախարարն անկյուն մտավ, ՀՀ-ն նման նախարար չպետք է ունենա». Գևորգ Թամամյան

12:19 • 03.09.19

Նախարար Արսեն Թորոսյան այդպես էլ համարձակություն չունեցավ ինձ հետ դեմ առ դեմ հանդիպել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով խորհրդականի պաշտոնից ազատված, Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

Հիշեցնենք, որ Թամամյանը ներկայացավ Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսին, ցանկացավ հարց տալ, սակայն նախարարն ընդհատեց ասուլիսն ու հեռացավ:

«Առողջապահության նախարարին հարիր չէ անկյուն մտնելը, մանավանդ այն մարդուն, որը կամերաների առաջ առյուծ է կտրում և թուր է  ճոճում: Իրականում տեսանք, թե ինչ ավարտ է ունենում այս ամենը: Հեռանալուց պարոն նախարարն ինձ ասաց՝ Ձեր հորդորով այստեղից հեռացավ նաև Ձեր նախկին տնօրենը՝ Արմեն Տանանյանը: Այո, իմ հորդորով, ես եղել եմ լրիվ բաց, իմ ֆեյսբուքյան գրառումները պահպանված են, որևէ բան չի փոխվել՝  ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որոնք հեղափոխությունից հետո դարձան խիստ կառուցողական ՝մոռանալով իրենց անցյալը»,- ասաց նա:

Գևորգ Թամամյանը բարձրաձայնեց իր հարցերը, որոնք մտադիր էր տալ նախարար Թորոսյանին:

«Պարոն Թորոսյան, ինչե՞ս եք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քաղցկեղով հիվանդներին հերթագրել: Այս մասին նաև հայտարարեց նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը: Պարոն նախարար, ընդհանարապես տեղյա՞կ եք, թե ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ եք, որ քաղցկեղը տարածվելու ունակություն ունի, և խլում էիք տարբեր մարդկանց ապրելու վերջին շանսը: Այս ամենը Տանանյանը ցույց տվեց նաև թղթերով»,- նշեց Թամամյանը:

Վերջինս հիշեցրեց Ռ. Հ. Յոլյանի անվ արյունաբանական կենտրոնի տնօրեն Արմեն տանանյանի աշխատանքից ազատելու Թորոսյանի մեկնաբանությունը, թե Տանանյանը խոչընդոտել է օտարերկրյա ներդրողին, և եղել են բողոքեր:

«ԱԱԾ-ի կողմից 11 ամսվա տևած հետաքննության արդյունքները ցույց տվեցին, որ պաշտոնական դիրքի որևէ չարաշահում չի եղել»,- ընդգծեց նա: