Վայքեցիները ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ Վայքում հանքերի շահագործման քննարկումներին (տեսանյութ)

13:28 • 03.09.19

Այսօր Վայքում քաղաքացիները քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ Վայքում հանքերի շահագործմանը և դրա հետ առնչվող ցանկացած քննարկմանը:

Քաղաքացիները բողոքում են՝ նշելով, որ հանքերի շահագործման պատճառով չեն ցանկանում զոհեր ունենալ, իրենց խոսքով՝ եղել են մահվան մի քանի դեպքեր, ինչպես նաև խոշոր անասունները հանքից դուրս եկած ջուրը խմելուց հետո սատկել են:

«Ես պաշտոնապես Վայքի անունից, բնակիչների անունից ձեզ վստահորեն ասում եմ՝ եթե անգամ բնակչության ընդամենը 1%-ը համաձայնի, ազնիվ խոսք, որպես դավաճան կճանաչենք ու չի ապրի Վայքում: Իսկ մասնագիտորեն, ինչ տիպի հանք ուզում է լինի՝ ստորգետնյա թե այլ, չի բացվելու: Չենք ուզում ոչ մի քննարկում լինի: Եթե մեզ նույնիսկ համոզեք, որ վնաս չի, մենք չենք ուզում, որ մեր քաղաքում ոչ մի տիպի հանք բացվի»,-  ասաց հանքի շահագործման թեմայով քննարկմանը մասնակցող բնակիչներից մեկը:

Ներկայացուցիչների խոսքով՝ նախագիծը պետք է ներկայացվի կառավարություն՝ փորձաքննության համար:

Քաղաքացիներն ասացին, որ ոչ մի վայքեցի կողմ չէ հանքի շահագործմանը թե՛ Վայքում, թե՛ Ազատեկում: «Ես նոր քաղաքապետի մոտ էի: Մեր քաղաքապետն ասում է՝ եթե իմ ժողովուրդը համաձայն լինի, ես դրա տակ կստորագրեմ, եթե համաձայն չի՝ ես նրա կողքին եմ»,- ասաց բնակիչներից մեկը: