Մակրոնին խնդրել են «պաշտպանել» Մոնբլանը «խելահեղ» լեռնագնացներից

10:59 • 04.09.19

Ֆրանսիական Շամոնի քաղաքի քաղաքապետ Ժան Մարկ Պեյեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է քայլեր ձեռնարկել ոչ ադեկվատ պահվածք ունեցող լեռնագնացների դեմ՝ թույլ չտալով նրանց բարձրանալ Մոնբլանի լեռնազանգված, հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Նա կոչ է արել Ֆրանսիայի նախագահին «մշակել և անհապաղ օրենքներ ընդունել, համաձայն որոնց 2020 թվականից սկսած օրենքը խախտած բոլոր «խելագարները» պատժի կենթարկվեն: Ըստ քաղաքապետի` խոսքը «խիստ» տուգանքների մասին է: Նրա կարծիքով՝ նման քայլերը կնպաստեն Մոնբլանի վրա «խաղաղության» հաստատմանը:

Խոսելով խելահեղ լեռնագնացների մասին՝ քաղաքապետը բերել է բրիտանացի զբոսաշրջիկի օրինակը, որը լեռը մագլցելիս իր հետ մարզասարք է տարել և ծանրության պատճառով չկարողանալով այն ետ իջեցնել՝ թողել է լեռան վրա:

Պեյեն պատմել է նաև գերմանացի զբոսաշրջիկի մասին, որը փորձել է Ալպյան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը բարձրանալ շան հետ: Նրան թույլ են տվել բարձրանալ մինչև լեռնային ապաստարան, որտեղ նա կարող էր թողնել շանը և միայնակ շարունակել ճանապարհը: Սակայն, գիշերը տղամարդն ապաստարանից աննկատ ետ է վերցրել շանը և նրա հետ բարձրացել: Արդյունքում կենդանին թաթերի ծանր վնասվածք է ստացել:

Հարկ է նշել, որ քաղաքապետը տարիներ շարունակ պնդում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել դեպի Մոնբլան լեռնագնացների թիվը սահմանափակելու դեմ:

Մասնագետների կարծիքով՝ լեռնագնացների թվի աճը՝ հատկապես ամառային բարձր ջերմաստիճանի պայմաններում, անվտանգության տեսակյունից խնդիրներ է ստեղծում՝ միևնույն ժամանակ բացասական ազդեցություն թողնելով նաև շրջակա միջավայրի վրա: