Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի միջոցներով կառուցված մզկիթը կալանքի տակ է առնվել (լուսանկար)
Ղրղզստանում կալանքի տակ է առնվել կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի միջոցներով Բիշքեկում կառուցված մզկիթը: Այդ մասին ասվում է հանրապետության գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մայրաքաղաքի Մայիսմեկյան շրջանի դատարանի կողմից կալանքի տակ է առնվել Յոթերորդ միկրոշրջանում գտնվող մզկիթը. պարզվում են դրա շինարարության համար օգտագործված ֆինանսական միջոցների աղբյուրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանրապետության գլխավոր վերահսկիչ մարմնի տվյալներով՝ տվյալ մզկիթը, որը 1 հա տարածք է զբաղեցնում, գրանցված է Աթամբաևին պատկանող «Ֆորում» գիտաարտադրական ընկերության անվան տակ:
Ավելի վաղ Ղրղզստանի իշխանությունները հայտարարել էին Աթամբաևի ունեցվածքի վրա կալանք դնելու որոշման մասին: Կալանքի տակ գտնվող 120 օբյեկտների որոշ մասի կալանքը չեղարկվել է:
Յոթերորդ միկրոշրջանում գտնվող մզկիթը սկսել է գործել սույն թվականի ապրիլ ամսից:
Մզկիթի բացման արարողությանը մասնակցած Աթամբաևը հավաստիացրել էր, որ մզկիթը կառուցվել է իր ընկերների աջակցությամբ:











