ԵՊԲՀ-ի համար պատմական օրը պղծեց առողջապահության նախարարի տեսաուղերձը. Վահան Արծրունի (տեսանյութ)
Երեկ Բժշկական համալսարանի համար պատմական օր էր, որը պղծվեց առողջապահության նախարարի վիդեոուղերձով: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերում ասել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:
Հիշեցնենք, որ երեկ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում միջոցառում էր, կենտրոնի վերևում այսուհետև կծածանվի վիրավոր զինվորների ստորագրությամբ, Արարատ լեռը բարձրացված եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթ կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնը երեկ հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:
Վահան Արծրունու խոսքով՝ Առողջապահության նախարարության գործելաոճը և կազմակերպչական գործառույթը հստակ և խիստ տարբերվում է մնացածի գործառույթներից, որն առաջին հերթին պայմանավորված է նախարարի անձնային առանձնահատկություններով:
«Ինձ առաջին հերթին հետաքրքիր էր, թե արդյոք պարզաբանում կստանա նախարարի այն պնդումը, որ ցիանիդը վտանգավոր չէ բնակչության համար, որը նա բարձրաձայնեց իր նախորդ հարցազրույցներից մեկում: Ցավոք, այդ թեման չարծարծվեց, ինչն ինձ և՛ զարմացրեց, և՛ ինչ-որ տեղ օրինաչափ թվաց, որովհետև նախարարի ուշադրության կենտրոնում հարցերի լրիվ այլ փունջ էր՝ կապված իր վերջին գործողությունների հետ»,- ասաց Արծրունին
Վերջինն իր տեսաուղերձում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճի և նախարարների (իր խոսքով կաբինետի) ընտրություններին: Ասաց, որ նկատում է լուրջ խնդիր, որի փայլուն օրինակը Մշակույթի նախարարության նշանակումներն են:
«Մակունցի երկու ձախողումները, որոնք մշակութային ոլորտում ստեղծեցին այնպիսի իրարամերժ իրադարձությունների ու լարվածության շարք, որ վերջիվերջո ինքը՝ կաբինետի ղեկավարը, ստիպված եղավ կամային որոշումներով շտկել այդ իրավիճակը: Ես տեսնում եմ լրջագույն խնդիր որոշակի նշանակումների մեջ:
Մարդիկ, որոնք իրապես ավելի ֆունկցիոնալ կլինեին այլ տրամաչափի գործ կատարելու մեջ, այսօր հայտնվում են բարձրագույն ղեկավարների աթոռներին և փորձում են իրենց տեսլականները և իրենց պատկերացումները փաթաթել ոլորտում աշխատող մասնագետների վրա: Ես չէի ունենա մտավախություններ, եթե այդ մարդկանց գործունեությունը չստեղծեր այլ պրոբլեմներ: Այդ նշանակումները էպիզոդիկ կերպարներ են, որոնց ի հայտ գալը երկրում պայմանավորված է ոչ թե մասնագիտական կամ անձնային հատկանիշներով, այլ ընդամենը նրանով, որ նրանք ընտրվելու փոխարեն նշանակվել են»,-եզրափակեց Վահան Արծրունին:
Մանրամասները՝ տեսանյութում:










