Ամուսինը պատմել է, թե ինչպես է կինն իր աչքի առջև դարձել «Դորիան» փոթորիկի զոհը

22:59 • 04.09.19

Բահամյան կղզիների բնակիչ Հովարդ Արմսթրոնգը, որը հրաշքով է փրկվել էր իր հեղեղված տնից, ականատես է եղել, թե ինչպես է կինն իր աչքի առջև մահանում, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Ձկնորսը պատմել է, որ ինքն ու կինը Մեծ Բահամա կղզու Ֆրիթորիթ քաղաքում գտնվող իրենց տանը կյանքի և մահու կռիվ տվել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը մի քանի ժամ ջրի տակ է մնացել և միայն շնչելու համար մի փոքր տարածություն է ունեցել։

«Ջուրը սկսեց բարձրանալ, տան իրերը լողում էին մեր շուրջը, ինչպես շորերը՝ լվացքի մեքենայում»,- հայտնել է Ամսթրոնգը։

Նա հայտնել է, որ կինը՝ Լին, որի մոտ հիպոթերմիա (թերջերմություն, մարմնի ջերմության նվազեցում) էր սկսվել, իր հետ կանգնած է եղել խոհանոցի պահարանի վրա՝ միակ վայրը, որտեղ նրանց գլուխները հասնում էին առաստաղին։

Սակայն պահարանը փլվել է և կինը սայթաքել ու ընկել է ջուրը։

Տղամարդու խոսքով՝ չնայած իր գործադրած ջանքերին, կնոջը չի հաջողվել փրկել, իսկ ինքը մի կերպ դուրս է եկել տնից և հրաշքով փրկվել։

Աղբյուրը հողորդում է, որ Արմսթրոնգը հրաժարվում է լքել կղզին, մինչև չգտնի կնոջ դին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, սակայն սա դեռ վերջնական թիվը չէ: