Շոտլանդիան խնդրում է վերադարձնել 18-րդ դարում մահացած վհուկի ոսկորները

06:26 • 04.09.19

Շոտլանդիայում փնտրում են 18-րդ դարում մահացած կնոջ մնացորդները, որը մեղադրվում էր կախարդության մեջ: Ինչպես հայտնում է Washington Post-ը, 1704 թվականին Լիլիաս Ադին ձերբակալվել էր հարևանուհու բողոքներից հետո: Վերջինս հայտնել էր, թե Ադին «կանչել է սատանային»:

Ձերբակալությունից և հարցաքննությունից հետո կինը խոստովանել էր, որ հանդիպել էր սատանային և մասնակցել էր վհուկների հավաքույթներին: Նրան պետք է այրեին, սակայն բանտում Ադին մահացել էր: Պատմաբանները կարծում են, որ նա ինքնասպանություն էր գործել:

Կնոջ մարմինը թաղել էին Տորիբերն գյուղում: Տեղի բնակիչները վախենում էին, որ նա կարող է կենդանանալ և քարեր էին շարել գերեզմանի վրա: 16-րդ և 17-րդ դարերում բազմաթիվ կանայք էին այրվել` կախարդությամբ զբաղվելու մեղադրանքով, սակայն գերեզման ուներ միայն Ադին:

Մի քանի տարի առաջ հնագետները գտել էին այն վայրը, որտեղ թաղված էր Ադին, սակայն չէին գտել մարմնի մնացորդները: Հնությունների սիրահարները թալանել էին գերեզմանը: Կնոջ ոսկորները վաճառվել էին տարբեր երկրների նման հավաքածուներով հետաքրքրված մարդկանց, իսկ գանգը կորել էր 1938 թվականից, երբ ցուցադրվում էր Գլազգոյի ցուցահանդեսում:

Այժմ շոտլանդական Ֆայֆի կառավարությունը որոշել է գերեզմանը վերածել հուշակոթողի և կնոջ ոսկորների ու մնացորդների տերերին խնդրում է վերադարձնել դրանք: Ֆայֆի խորհրդի անդամ Քեյթ Ստյուարտը կարծում է, որ բոլոր այդ կանայք այդ տարիներին մահացել են անհիմն և հուշակոթողը կհավերժացնի նաև նրանց հիշատակը: